Սերբիայում երեկ անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով` հաղթել է նոր ընդդիմադիր ուժը՝ «Ուսանողական ցուցակը»: Այն ստացել է ձայների ավելի քան 50%-ը և կկարողանա ձևավորել կառավարություն։
Իշխող Սերբական առաջադեմ կուսակցության նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնիսկ նախնական արդյունքների հրապարակումից առաջ է ընդունել պարտությունը։ Վուչիչի ղեկավարած ուժը ստացել է ընտրողների 40.41%-ի ձայնը:
«Մենք դեռ վերջնական արդյունքներ չունենք ... բայց պարզ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում: Հաղթեց բողոքի շարժման մասնակիցների կողմից կազմված ուսանողական ցուցակը։ Նրանք կստանան 135-ից 140 խորհրդարանական մանդատ, մինչդեռ մենք՝ մոտ 105»,- Վուչիչն ասել է իր կողմնակիցներին։
«Ուսանողական ցուցակ» կուսակցության աջակիցները հավաքվել են Բելգրադի գլխավոր հրապարակում, 25-ը հոկտեմբերի, 2026 թ.
Նրա խոսքով՝ Սերբիական առաջադեմ կուսակցությունը հավաքել է 1 միլիոն 720 հազար ձայն, սակայն դա բավարար չէր հաղթելու համար։
Ընտրություններին մասնակցում էր 18 կուսակցություն, սակայն, ինչպես հայտնում է BBC-ն, դրանցից 15-ը 1%-ից պակաս ձայն է ստացել։ Քվեարկությանն աննախադեպ բարձր մասնակցություն է գրանցվել՝ գրեթե 68%։
Еuronews-ն էլ հաղորդում է, որ դեռ շատ վաղ է գնահատել վերջնական արդյունքները և որոշել, թե արդյոք որևէ այլ փոքր կուսակցություն հաղթահարել 3% ընտրական շեմը, բայց պարզ է, որ դա չի ազդի ընտրությունների վերջնական արդյունքի վրա։
«Ուսանողական ցուցակ» կուսակցության աջակիցները տոնեւմ են հաղթանակը, 25-ը հոկտեմբերի, 2026թ.
Վուչիչն արտահերթ ընտրություններ նշանակեց մոտ երկու տարի տևած ցույցերից հետո, որոնք սկսվել էին Նովի Սադ քաղաքում գնացքի կայարանի ծածկի փլուզման հետևանքով, որը 16 մարդու կյանք խլեց և համարվում էր կոռուպցիայի և անփութության հետևանք:
Վուչիչն արդեն երկու ժամկետ զբաղեցրել է նախագահի պաշտոնը և չէր կարող առաջադրվել երրորդ անգամ, ուստի գլխավորում էր իր Սերբական առաջադեմ կուսակցությունը վարչապետի պաշտոնին վերադառնալու նպատակով, որը նա լքել էր 2017 թվականին։
Բելգրադի փողոցներում գիշերը տոնակատարություններ էին, քաղաքի գլխավոր հրապարակում մարդիկ պարում էին և վանկարկում «հաղթանակ», նաև հրավառություն է տեղի ունեցել։ «Սերբիան ազատ է, - BBC-ին ասել է ուսանողներից մեկը,- Դա հրաշք է»։
«Ուսանողական ցուցակի» ներկայացուցիչներից Ռադոմիր Սաիչիչը տոնական ելույթի ժամանակ ասել է, որ սերբերը ցույց տվեցին, որ «ոչ մի խոչընդոտ իրենց կամքից մեծ չէ»։ «Ոչ մի ուժ չի կարող հավերժ հաղթել այն ժողովրդին, որը որոշել է իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը», - հավելել է նա։
Սերբական ընդդիմությունը տոնում է հաղթանակը, 25-ը հոկտեմբերի, 2026թ., Բելգրադ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսլուա ֆոն դեր Լայենն արդեն շնորհավորել է հաղթող ուժին: «Այսօր սերբերը ռեկորդային թվով մասնակցեցին ընտրություններին՝ որոշելու իրենց երկրի ապագան։ Շնորհավորում ենք «Ուսանողական ցուցակին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- X-ում գրել է նա:
«Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և համատեղ աշխատել Սերբիայի՝ դեպի Եվրամիություն տանող ուղին առաջ մղելու համար»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։