Սեռական բռնություն դեռահասների նկատմամբ. բռնարարներն ազատության մեջ են

Արխիվ

Սարսափի մեջ են քնում-արթնանում այս ընտանիքում, մոր պատմելով՝ սեռական բռնության են ենթարկվել իր երկու անչափահաս աղջիկները, բռնարարներն ազատության մեջ են: Աղջնակները ազգականի տուն են տեղափոխվել , մինչև ..

Badoyan News-ն էր օրեր առաջ ահազանգել՝ Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում: Երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն՝ Ներքին գործերի նախարարության, Քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել:

Վեդիի այս ընտանիքում հինգ երեխա է մեծանում, հատուկ կարիքներով են շատերը: Մայրը պատմում է, որ սեռական բռնության ահազանգ դպրոցից են ստացել. - «Դպրոցն են զանգել ասել, թե չէ ես ամբողջ օրը դաշտ, դաշտից տուն»:

Բռնության դեպքերը դպրոցում չեն տեղի ունեցել, դպրոցի անձնակազմն է նկատել արտասովոր շարժ երկու աշակերտուհիների շուրջ: Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանի խոսքով՝ մի դեպքում դպրոցի դրսի տեսախցիկն է արտառոց տեսարանը ֆիքսել, ընդ որում՝ երեխան հենց այդ դպրոցում չի սովորում:

«Երկու օր անընդմեջ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել, դպրոցի տեսախցիկներով ու բակի հավաքարարի միջոցով բացահայտել են էդ ամեն ինչը», - «Ազատությանը» ասաց Մանուկյանը:

Մյուս աղջնակի դեպքում, որ այդ դպրոցի աշակերտ է, հեռախոսի անդադար զանգերն են ահազանգ դարձել. - «Հեռախոսի մեջ մենք ինքներս լսել ենք շատ ահավոր վոյսեր՝ տղամարդ անձնավորության կողմից էդ երեխային: Որովհետև դասապրոցեսի ժամանակ հեռախոսները հավաքված են եղել, և մի հեռախոս պարբերաբար զանգ է եկել, ուսուցիչը իրեն թույլ է տվել հասկանա՝ ինչ է էդտեղ կատարվում, որը շատ վատ է, բայց դրանից է բացվել էդ պրոցեսը: Լսելով վոյսը, որ երեխային վոյս են ուղարկել, հասկացել է ուսուցիչը, որ սա աննորմալ ժանրից է, տեղյակ է պահել տնօրենին, տնօրենը՝ ինձ», - պատմեց Մարտուն Մանուկյանը:

Ըստ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետի՝ երկու դեպքերում էլ դպրոցն անմիջապես իր տեղեկություններն ու կասկածները փոխանցել է ոստիկանություն: Իսկ ի՞նչ են արել ոստիկանները: Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:

«Բացարձակապես անհիմն են այն պնդումները, թե Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունը որևէ դեպք է կոծկում: Ընդհակառակը՝ համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա են քաղաքացիները հրավիրվել բաժին», - «Ազատությանն» ասաց Ներքին գործերի նախարարության խոսնակը:

Նարեկ Սարգսյանը պնդում է՝ երկու դեպքում էլ ոստիկաններն ընթացք են տվել, հայտնաբերել կասկածյալներին, ձերբակալել ու փոխանցել նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե: Badoyan News-ի տեղեկությամբ՝ Վեդի քաղաքի երկու բնակիչներ են՝ 65 և 58 տարեկան: Հարևանները «Ազատությանը» պատմեցին, որ 65-ամյա տղամարդը մոտ էր ընտանիքին, հաճախ էր սուրճի գալիս և օգնում տարբեր հարցերով:

«Ասել ա՝ «հոպարիս կասեմ», ասել ա՝ «չասես, քեզ կխեղդեմ», - պատմեց աղջիկների հորաքույրը:

Ի՞նչ կարգավիճակ ունեն այդ երկուսը, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել նրանց նկատմամբ, եթե կալանավորված չեն՝ ինչո՞ւ. «Ազատություն»-ն այս հարցերն է ուղղել Քննչական կոմիտեին: Քիչ առաջ կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որից հասկանում ենք՝ նրանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատության մեջ են:

Ըստ Քննչականի՝ անչափահաս տուժողները նախաքննության ընթացքում իրարամերժ, հակասական ցուցմունքներ են տվել, մեկը հերքել է, թե իր նկատմամբ բռնություն է եղել, մեկը սկզբում մի բան է պատմել, հետո՝ փոխել պատկերը:

Կոմիտեի հաղորդագրությունում երկու անգամ կարդում ենք՝ անչափահասներն ունեն մտավոր խնդիրներ: Հորդորում են հանուն նրանց լավագույն շահի չճշտված տեղեկություններ չհրապարակել, միևնույն ժամանակ անտեսելով նույն լավագույն շահը՝ հրապարակել են մանրամասներ երեխաների նախաքննական ցուցմունքներից՝ ինտիմ մանրամասներով:

Երեխաների ծնողները, հորեղբայրը, հորաքույրը պնդում են՝ քույրերի հանդեպ սեռական բռնություն եղել է, բռնարարների անուններ են տալիս, դպրոցը ձայնային հաղորդագրություններ ու տեսագրություն ունի:

Վեդիում շատերն են ճանաչում թե՛ աղջնակների ընտանիքին, թե՛ այն երկուսին: Հարցեր ունեն՝ եթե իրավապահները գործում են, ինչպե՞ս է փետրվարին հնչած առաջին ահազանգից հետո շարունակվել այս պատմությունը, ու ի վերջո բանը հասել է այնտեղ, որ ապրիլի 26-ին աղջնակների հորեղբայրն է դանակը վերցրել ու փողոց դուրս եկել, դանակահարել 65-ամյա տաքսիստին՝ այն մեկին, որ ընտանիքի բարեկամ էր:

«Նայում ես էդ էրեխեքի աչքերի մեջ, գետինն ես ուզում մտնես, որ դու էս երկրում մի քիչ դեր ունեցող մարդ ես, ու տենց բան ա հնարավոր», - ասում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը պնդում է՝ երկրում օպերատիվ իրավիճակի պատասխանատու Ոստիկանությունը պիտի հետևեր, որ դեռ երեք ամիս առաջ ստացած հաղորդումն այսպիսի զարգացումներ չստանար. - «Ոստիկանությունը մանկապղծության մեջ կասկածվողին հանձնում ա Քննչականին, մեկ էլ իմանում ա, իմանում ա, չէ՞, նենց չի, որ չի իմանում, օպերատիվ բլոկը Ոստիկանությանն ա, Ոստիկանությունն ա տիրապետում ինֆորմացիային, իմանում ա, որ հաջորդ օրը բաց են թողել, բա ինքը չի գնո՞ւմ Քննչականի հետ կռիվ տա, ասի՝ «էս ի՞նչ եք անում, այ ընկերներ»:

Իրավապահները քաղաքականությամբ են զբաղված, ահա թե ինչու են սահմռկեցուցիչ այս դեպքերն անտեսում, վստահ է փաստաբանը: Վարչապետի ուղղղությամբ ձեռք բարձրացրած առողջական խնդրով անչափահասին կալանավորում են, իսկ աշակերտուհիներին ամայի շինություն ու սեփական մեքենայի հետնամաս տարած ենթադրյալ հանցագործները ազատ պտտվում են՝ տուժածների նկատմամբ նոր բռնություն կիրառելու ռիսկերով, ընդգծում է Մելիքյանը. - «Երեխան գնում ա Ծաղկազարդի ինչ-որ միջադեպ ա լինում, ոչ մեկի ոչ էլ կպնում ա ձեռքով, տանում փակում եք միանգամից, խի՞ էդ մարդկանց չեք փակել»:

Աղջնակների պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը, առաջիկայում նրանք այս գործի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն: Այսօր հրաժարվեցին: Նրանք դիմում են ներկայացրել գլխավոր դատախազին, որ քրեական վարույթը Քննչական կոմիտեի Արարատի քննչականից այլ քննչական մարմին տեղափոխվի, որովհետև անվստահություն ունեն:

«Մինչև փաստաբանները մեզ ամեն ինչ չապահովեն, մենք էրեխեքին ոչ մի տեղ չենք ուղարկում, ոչ մի տեղ». - երեխաների մայրն ասում է՝ ոչ միայն երկու քույրերին, մյուս երեխաներին էլ դեռ դպրոց չի ուղարկի:

Ի դեպ, Արարատի մարզպետարանի ներկայացուցչից տեղեկացանք, որ կասկածներ ունեն այս պատմությանը երրորդ տղամարդու ներգրավվածության մասին: