«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու». շանտա՞ժ, թե՞ «քաղաքական առաջարկ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն:

Երևանում երեկ անցկացրած քարոզչական հանդիպումների ավարտին Փաշինյանը սպասվող սեպտեմբերյան պատերազմը որակելով «աղետաբեր», վստահեցրեց՝ այն չի ուշանալու:

«Էն, որ բոլորը ասում էին՝ «պատերազմ է լինելու», ես ասում էի՝ չի լինելու, լինելու է խաղաղություն, ասում էին՝ «ի՞նչ գիտես», բա 7 տարվա վարչապետ եմ, եթե ես էդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ, հիմա էլ ասում եմ՝ լինելու է պատերազմ սեպտեմբերին, ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն.... չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, ինձ ասում էիք՝ «18 թվին գայիր ասեիր», հիմա ասում եմ», - նշեց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ». Փաշինյան

Որտեղի՞ց Փաշինյանին կոնկրետ ամսաթվով պատերազմի մասին տեղեկությունը, և արդյոք այն ինչ ասում է վարչապետը շանտաժ չէ, որ կա՛մ ՔՊ-ն կստանա սահմանադրական մեծամասնություն, կա՛մ կլինի պատերազմ:

Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում

«Ես կարծում եմ՝ սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է», - նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում իր ղեկավարի ասածը հիմնավորում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժերի գաղափարախոսությամբ՝ պնդելով, թե նրանք գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն: Ապա Միրզոյանը մեջբերեց քարոզարշավի ընթացքում իրեն հանդիպած մի քաղաքացու խոսքը:

«Բառացի մեջբերում եմ էդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը՝ «էս Հայաստանը մեզ պետք չէ», քարտեզը գետնին գցելը, և ակնհայտ է, որ էս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ, և հաշվի առնելով էս օրերում խնդիրները ինչ մեթոդաբանությամբ են փորձում լուծել, մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի պատերազմ առջև: Ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ՝ ոչ, ինչո՞ւ ենք անում՝ լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է, օրենք խախտո՞ւմ ենք՝ բոլորովին», - հայտարարեց Միրզոյանը:

«Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում». Քոչարյան

Այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով ժողովրդից քվեներ կորզել, շաբաթ օրը աշտարակցիների հետ հանդիպմանը խոսեց 2-րդ նախագահը. «Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում, որին բոբո սարքեն, որ հեսա կհարձակվեն, որ ևս քվեներ կորզեն ձեզանից»:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պնդում էր՝ պետք է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի. «Բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհով, ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն՝ և՛ ներքին, և՛ հատկապես արտաքին քաղաքականություն»:

Խոսելով երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին, Քոչարյանը վստահեցնում էր՝ դրան հնարավոր է հասնել, և ինքն այն մարդն է, որը կարող է այդ հարցը լուծել:

«Խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը 10 տարի խաղաղություն էր ապահովել, աբսուրդն էլ չափ ու սահման պետք է ունենա», - նշել է Քոչարյանը:

Փաշինյանին այսօր հակադարձել է նաև Ծառուկյանը

«Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին է», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանին այսօր հակադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Խոշոր գործարարը ևս պնդել է՝ Հայաստանին անհրաժեշտ է իրական խաղաղություն, որը երաշխավորված կլինի մի քանի պետությունների կողմից: Երաշխավորված խաղաղության մասին խոսում է նաև միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը»:

«Խաղաղությունը ոչ թե ձևական խոսքով, տեսական, որ բարձունքների վրա ադրբեջնացիներ են նստած, թելադրանքով՝ «էս պիտի տաք, էս պիտի կատարեք», մեր զորքերը քչանան, մենք զենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա: Դա թելադրանք է: Այսօր եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշելու լինենք, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, 3, 4, 5 հզոր, ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից փաստաթուղթ ստորագրենք, ու ճանճը չի տզզա էդ տարածքում», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ինչո՞ւ է Փաշինյանը պնդում, թե պետք է սահմանադրական մեծամասնություն ստանա, հակառակ դեպքում պատերազմ կլինի

Արդյոք ՔՊ-ն ձգտո՞ւմ է սահմանադրական մեծամասնության՝ նոր Սահմանադրության ընդունման համար: «Ազատության» այս հարցին, ի պատասխան արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր նշեց, թե սահմանադրական մեծամասնություն նշանակում է ավելի վստահ իշխանություն:

«Ազատություն». - Նոր Սահմանադրության ընդունման հետ չի՞ կապված:

Միրզոյան. - Կարող է դրա հետ էլ է կապված, չեմ կարող ասել:

Նոր Սահմանադրության ընդունման նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Ըստ այդմ՝ իշխանությունը չի կարողանա նախաձեռնել նոր Սահմանադրության ընդունում կամ փոփոխություններ, եթե հունիսի 7-ին չունենա սահմանադրական մեծամասնություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ խոչընդոտ պայմանագրի ճանապարհին. ԱՄՆ զեկույցն ու արձագանքները«Ալիևը նույնիսկ այնքան չի սպառնում հայ ժողովրդին, որքան Փաշինյանը». ընդդիմադիրների արձագանքըՈչ միայն Սահմանադրությունը, այլև որևէ իրավական ակտ չպիտի պարունակի մեր անկախությունը վտանգող դրույթ. Գալյան