Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները կարող են անցկացվել սեպտեմբերին և ներառել նաև ԱՄՆ ներկայացուցիչներին։ Այսօր այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ հավելելով, որ Կիևը փորձում է վերսկսել բանակցությունները։
ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցություններն այս տարի կանգ էին առել, քանի որ Ուկրաինան հրաժարվել էր Ռուսաստանի՝ լրացուցիչ տարածքներ զիջելու պահանջներից, իսկ Վաշինգտոնը գնալով ավելի էր կենտրոնացել Իրանի հետ հակամարտության վրա։
«Այո, ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա, և, իհարկե, նաև ամերիկացիների մասնակցությամբ։ Մենք առանց նրանց չենք կարող», - ուկրաինական «Նովինի Live» լրատվամիջոցին ասել է Բուդանովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք խոսքը ուկրաինացի և ռուսաստանցի բանակցողների միջև ուղիղ շփումների մասին է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարել էր, որ Ուկրաինան մինչև հաջորդ ամառվա վերջ ԱՄՆ-ի միջնորդության համար հնարավորությունների պատուհան է տեսնում։ Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաների հետ մշակել է առաջարկների մեկ էջանոց փաստաթուղթ, որը պետք է ներկայացվի Մոսկվային։
ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վերջին՝ եռակողմ փուլը տեղի էր ունեցել փետրվարին։ Դրանից հետո ուկրաինացի և ռուսաստանցի ներկայացուցիչները ԱՄՆ-ի թիմի հետ առանձին բանակցություններ են անցկացրել։