ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից ամբողջ աշխարհում կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունը։
CNBC-ին տված հարցազրույցում Բեսենթը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք վերաբերում են ամսվա սկզբին իրանական ավիաընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցներին։
Նա նշել է, որ օդանավակայաններն ու ընկերությունները, որոնք կշարունակեն ծառայություններ մատուցել պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերություններին, կարող են զրկվել ԱՄՆ դոլարային ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։
Բեսենթը նաև հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը թիրախավորում է այն բանկերին, որոնք որոնց մեղադրում է Իրանի կառավարությանը միլիարդավոր դոլարներ փոխանցելու մեջ։ Նա նշել է, որ երեք բանկ արդեն ենթարկվել է պատժամիջոցների, և զգուշացրել է, որ դրանց համապատասխան գործառնությունները կդադարեցվեն։
ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին էր պատժամիջոցներ կիրառել Իրանի մնացած բոլոր գործող 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ էլ ավելի մեծացնելով ճնշումը Թեհրանի ավիացիոն ոլորտի վրա:
ԱՄՆ Ֆինանսների նախարարն ասել էր, որ Իրանն ավիացիան օգտագործում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների փոխադրման նպատակով: Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի իր արշավից, որի նպատակն է Իրանին զրկել ֆինանսավորման բոլոր հնարավոր ուղիներից, այդ թվում՝ ավիացիայից:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է երկրի ավիացիայի ոլորտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը՝ այն որակելով որպես «տնտեսական ահաբեկչության» օրինակ, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։