Չնայած «Հայաստան» դաշինքի ներկայացրած վերապահումներին՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի այս ուրբաթ կայանալիք՝ ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը երեկ էր դիմել Բարձր դատարան՝ պահանջելով բացառել Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությանը:
Բարձրագույն դատարանից «Ազատությանն» այսօր նախ փոխանցեցին, որ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել Սաֆարյանի մասնակցությունը, քանի որ դատավորներից որևէ մեկը «Հայաստան» դաշինքի դիմումը ստանալուց հետո այդ հարցը չի բարձրացրել, ինչպես պահանջում է օրենքը:
Ժամեր անց ՍԴ-ն նոր տեղեկություն տարածեց՝ պնդելով, թե Սաֆարյանի հարցը դատավորները քննարկել էին դեռ հունիսի 21-ի նիստում, և նրա մասնակցության անհնարինության մասին որոշում չեն ընդունել, քանի որ բավարար թվով կողմ ձայներ չեն եղել:
Թե ինչու է ՍԴ-ն լռել այն ժամանակ և այդ մասին տեղեկացնում է միայն այսօր, պարզ չէ:
Նույն այդ նիստում որոշումներ են կայացվել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցության անհնարինության մասով, ինչի վերաբերյալ պաշտոնապես հայտարարվել էր: ՍԴ-ն որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության մասնակիցների նկատմամբ:
Փաստորեն ստացվում է, որ ՍԴ 9 դատավորների մեծամասնությունը Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունք ունենալու մասով որևէ խնդիր չի տեսել:
Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:
Մինչդեռ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկող «Հայաստան» դաշինքը կարծում է, որ դատավոր Սեդա Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և 2021 ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով»: Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերից մեկն է, և ստացվում է, որ Սաֆարյանն այժմ պետք է որոշում կայացնի նաև իր նախկին քաղաքական գործընկերոջ գործով:
Սեդա Սաֆարյանը 2022 թվականին հենց Կառավարության առաջարկությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրվեց ՍԴ դատավոր:
Սահմանադրական դատարան դիմած «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը նշում է, որ Սեդա Սաֆարյանի կողմնակալ վերաբերմունքը ցույց տալու համար դիմումի հիմքում դրել էին նաև Սաֆարյանի հրապարակային ելույթները, այդ թվում՝ 2022-ին Կառավարության նիստում, ապա նաև խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհակալական խոսքերը. - «Շնորհակալ եմ Կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մեծ պատվի համար»:
Հղում անելով այս հայտարարություններին՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշում է, որ Սեդա Սաֆարյանը ոչ միայն չի թաքցրել իշխանության նկատմամբ համակրանքը, այլև հստակ արտահայտել է իր բացասական վերաբերմունքը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում:
Սաֆարյանը 2008 թվականին մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ էր։
Ավելի ուշ, երբ «Մարտի 1»-ի գործով Քոչարյանը դատարանի առջև կանգնեց, Սաֆարյանը որպես փաստաբան պաշտպանում էր գործով տուժողի շահերը:
«Տիկին Սաֆարյանը մեկ անգամ չէ, որ կողմնակալ դատողություններ է արել պարոն Քոչարյանի մեղավորության վերաբերյալ, ինչը ևս վկայում է այս գործում իր կանխակալ վերաբերմունքի մասին»», - «Ազատությանը» ասաց Սողոյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի գնահատմամբ՝ եթե իրենց փաստարկներին ծանոթանալուց հետո Սահմանադրական դատարանի որևէ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցը չի բարձրացրել, ապա իրենք այս դիրքորոշումը «ոչ իրավաչափ» են համարում:
Բացի այդ, ըստ փաստաբան Սողոյանի, օրենքը պահանջում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենք նախ և առաջ հայտնեն այն հանգամանքների մասին, որոնք ըստ իրենց կարող են ընկալվել որպես կանխակալ մոտեցում՝ չսպասելով գործընկերներին:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ևս հիշեցնում է՝ Սաֆարյանը 2021-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակի երրորդ համարը, հետևաբար՝ կարծում է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը Սաֆարյանի մասնակցության անհնարինության հիմքերը ավելի պակաս չեն, քան Վարդանյանի և Զեյնալյանի դեպքում:
«Կարծում եմ՝ նա կողմնակալ վերաբերմունք ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց սահմանադրագետը:
«Դա Սեդա Սաֆարյանի անձնական որոշումն է, բայց ես չեմ կարծում, որ նման որոշումը իսկապես հարիր է Սահմանադրական դատարանի դատավորի կոչմանը», - պնդեց Պողոսյանը:
«Ազատությանը» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանից՝ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: