Սամարան զանգվածային հարձակման է ենթարկվել, հարվածներից մեկը դիպել է հրթիռների արտադրամասի

Սամարայի մարզում ուկրաինական հարվածի հետևանք, արխիվ

ՌԴ Սամարայի մարզը գիշերը ուկրաինական զինուժի կողմից հրթիռային զանգվածային հարձակման է ենթարկվել: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ հարված է հասցվել արդյունաբերական օբյեկտի, թեև չի նշել օբյեկտի անունը կամ վնասի չափը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ուկրաինական տելեգրամյան ալիքները պնդում են, որ հրթիռներից մեկը հարվածել է Սամարայի «Պրոգրես» հրթիռային-տիեզերական կենտրոնի գլխավոր արտադրամասին, որը Ռուսաստանի հրթիռային-տիեզերական արդյունաբերության առաջատար ձեռնարկություններից մեկն է։

Կենտրոնն արտադրում է «Սոյուզ» կրող հրթիռներ։ Այս ալիքների տվյալներով՝ հարվածից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս տեղեկատվությունը հնարավոր չէ անկախ կերպով հաստատել։

Նույն աղբյուրները պնդում են, որ հարվածը հասցվել է ուկրաինական «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռներով: Ուկրաինական Fire Point ընկերության գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը հարձակման մասին հաղորդումից մի քանի ժամ առաջ հրթիռի արձակման տեսանյութը հրապարակել է X սոցիալական ցանցում, իսկ ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որտեղ պնդում է, որ ցույց է տալիս հարվածի հետևանքները:

Գիշերը հարձակման են ենթարկվել նաև Ռուսաստանի այլ շրջաններ: Մոսկվայի մարզում, նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով, խոցվել է ութ անօդաչու թռչող սարք: Շատուրայում անօդաչուն հարվածել է մասնավոր տանը: Վիրավորվել են 55-ամյա կին և ինը տարեկան երեխա: Տղան ծանր վիճակում է, իսկ վիրավոր կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ռոստովի մարզում իշխանությունները հայտնել են մոտ 10 անօդաչուի և հրթիռների ոչնչացման մասին: Միլլերովսկի շրջանում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով յոթ գյուղի մոտ 1000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Պենզայի մարզում հարձակման հետևանքով գյուղատնտեսական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է քաղաք թռչող 15 անօդաչուի ոչնչացման մասին: Տուլայի մարզի իշխանությունները հայտնել են 22 խփված անօդաչուի, իսկ Յարոսլավլի մարզում՝ հինգ չեզոքացված անօդաչուի մասին: Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է հինգ անօդաչուի խոցման մասին:

Ուկրաինական լրատվամիջոցները նաև հաղորդում են Նիժնի Նովգորոդի մարզում՝ Սավասլեյկա ռազմական օդանավակայանի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունների մասին: Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ այնտեղ են տեղակայված «Կինժալ» հրթիռներ կրող ՄիԳ-31Կ ինքնաթիռներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար:

Օդանավակայանի վրա հարձակման պաշտոնական հաստատում չկա:

Հարձակումների պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Սարատովի, Ուլյանովսկի, Չեբոկսարիի, Սոչիի, Պսկովի, Վոլգոգրադի, Պենզայի և Յարոսլավլի օդանավակայաններում, ինչպես նաև Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայաններում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի ավելի քան 20 շրջաններում, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի տարածքում ուկրաինական 598 անօդաչու են որսացել։