Սաղմոսավանքում միջադեպ․ Ռուբինյան–Տեր Օշին բանավեճը շարունակվում է

Հանգուցյալ Տաթև արքեպիսկոպոսի հրաժեշտի արարողությունն առիթ դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարճ ժամանակով Էջմիածին վերադառնա՝ 8 ամիս անց:

Գյումրիում տնային կալանք կրող Աջապահյանին դատարանը թույլ է տվել բացակայել մի քանի ժամով. սգո արարողությունները սբ. Գայանե եկեղեցու տարածքում էին, այստեղ գրկախառնվեցին կաթողիկոսն ու մեղադրյալ արքեպիսկոպոսը:

Հեռանալիս Միքայել սրբազանը փորձեց խոնարհվել, համբուրել վեհափառի աջը, բայց վերջինս թույլ չտվեց: Սա, ըստ տեր Վրթանես քահանայի, հավասարության, սիրո և հարգանքի դրսևորում է:

Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյան

Արդյոք հավասարության, սիրո ու հարգանքի մթնոլորտում հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Սաղմոսավանքի Տեր Օշին քահանան: ՔՊ-ական պատգամավորը երեկ հասել էր Սաղմոսավանք «խելքդ գլուխդ հավաքիր խորհրդով»: Պսակադրվել ցանկացող ծանոթ զույգից լսել է՝ քահանան լավ քավորի չափորոշիչներ ունի՝ «քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

«Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ, և ՀՀ-ում բոլորը, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, և բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին», - հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

Նա քահանային նաև Քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել: Ռուբինյանը վստահ է՝ սպառնալիք չէ:

Տեր Օշինն էլ մի քիչ ուրիշ «ոչ» է, ասում է. «Որևիցե մի սպառնալիք ինձ չեն կարող սպառնալ»:

Ազգային ժողովի փոխնախագահը համարում է, որ քահանան պառակտում է սերմանում: Տեր Օշին քահանան հակված չէր պատմել, թե ինչ է ասել ինքը պսակադրվող զույգին, ապա ինչ են խոսել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյայի հետ:

«Ինձ համար Սաղմոսավանքի հովիվն էլ է մեկ, Ազգային ժողովի պատգամավորն էլ է մեկ, բոլորն էլ մեր հավատավոր զավակներն են», - նշեց Տեր Օշին քահանա Հայրապետյանը:

Տեր Վրթանեսը վստահ է՝ Տեր Օշինը վիրավորելու նպատակ չի ունեցել

«Ազատությունը» նույն՝ Արագածոտնի թեմի քահանաներից Տեր Վրթանեսի հետ զրուցեց, ասաց՝ թեմում այս միջադեպը չի քննարկվել, վստահ է՝ Տեր Օշինը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել. «Հումոր է արել, պիտի առնվազն Ռուբեն Ռուբինյան լինի, որ Տեր հայրի հումորը չհասկանա: Մարդն ասել է՝ հայրենասեր լինի, աստվածասեր լինի, թասիբով լինի, հանկարծ սենց չլինի: Պարզ չէ՞, որ դա հումորային արտահայտություն է»:

Քահանաներն ըստ կուսակցական պատկանելությա՞ն են պսակ, մկրտություն անում. Տեր Վրթանեսն ասում է՝ մեզ համար մարդն է կարևոր, ու Ռուբինյանից հարգանք է պահանջում: Վերջինս Տեր Օշինի վերաբերյալ գրառման մեջ գրել էր՝ «պառակտիչ Կտրիճ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի Եկեղեցուց»:

Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնագրում գրված է Գարեգին Երկրորդ, տեղյակ է պահում քահանան. «Ռուբեն Ռուբենյանն այդ ո՞վ եղավ, որ իմ հայրապետին դիմում է Կտրիճով: Սա իր հարգալից վերաբերմունքն է՞»:

Ռուբինյանն ինքն է ասել, թե ով է՝ 176 տարի առաջ Սաղմոսավանքում հոգևոր հովիվ տեր Օհանը նրա պապի պապի պապի պապն է: Բայց այնպես չէ, որ օրենսդիր մարմնի փոխխոսնակը միայն այս վանքից ստացած ահազանգերն է հետաքննելու. «Եթե ձեզ որևէ հոգևորական պայմանավորված ձեր քաղաքական հայացքներով խտրականության կենթարկի, գրեք ինձ»: