«Թուրքիայի ուղղությամբ նախօրեին իրանական բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը չի ակտիվացվի», - այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ թեև միջադեպը «լուրջ բնույթ էր կրում, սակայն ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքման մեխանիզմը գործի դնելու կարիք չկա»։
«Որևէ մեկը չի խոսում 5-րդ հոդվածի ակտիվացման մասին։ Ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեկ տեսան, որ ՆԱՏՕ-ն շատ ուժեղ է և աչալուրջ», - նշել է Ռյուտեն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որն անցել էր Սիրիայով և Իրաքով և ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը: