Ռուսական բանակը գնդակոծել է Խերսոնի շուկան, հաղորդվում է յոթ զոհի մասին

Խերսոնը հարվածներից հետո, 12-ը դեկտեմբերի, 2024թ․

Հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնի կենտրոնում գտնվող շուկան, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտարարել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Նա նշել է, որ հարվածի տակ են հայտնվել, մասնավորապես, մանրածախ առևտրի կետերը, որտեղ տեղի բնակիչներն առավոտյան ապրանքներ են գնել կամ վաճառել։ Երեք մարդ վիրավորվել է։

Խերսոնի շրջանի դատախազությունն էլ հաղորդել է, որ առավոտյան ժամը 9-ի սահմաններում ռուս զինվորականները, ենթադրաբար, հրետանային հարվածներ են հասցրել Խերսոնի կենտրոնին՝ տեղական շուկայի և հասարակական տրանսպորտի կանգառի մոտ։

Ռուսական կողմը չի մեկնաբանել հրետակոծությունը։

Խերսոնը գտնվում է առաջնագծում՝ Դնեպր գետի մոտ։ 2022 թվականի աշնանը ուկրաինացի զինվորականներին հաջողվեց ռուսական օկուպացիայից ազատել քաղաքը և շրջանի աջափնյա հատվածը։ Գետի մյուս ափին ռուսական զորքերն են տեղակայված և պարբերաբար հրետակոծում են Խերսոնը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական զինուժը կրկին գնդակոծել է Խերսոնը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խերսոնը կրկին ենթարկվել է հարձակման, կա առնվազն երկու զոհ