Ռուսները հարվածել են Դնեպրի կայարանին, 14 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Ռուսական զորքերն այսօր ցերեկը անօդաչու թռչող սարքով հարվածել են Ուկրաինայի Դնեպր քաղաքի երկաթուղային կայարանին: Ինչպես հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, զոհվել է 14 մարդ:

Ըստ պաշտոնյայի՝ ևս առնվազն 13 մարդ վիրավորվել է, նրանցից 4-ի վիճակը ծանր է:

«Ուկրզալիզնիցյա» («Ուկրաինական երկաթուղիներ») ընկերությունում ճշտել են, որ հարվածը հասցվել է ռեակտիվ անօդաչու սարքով կառամատույցներից մեկին, որտեղ կանգնած էր Դնեպր-Զապորոժիե թիվ 866 գնացքը: Չնայած հայտարարվել էր վտանգի մասին՝ կառամատույցում մարդիկ էին մնացել, նշել են ընկերությունում:

Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին» օրվա ընթացքում հասցված հարվածների մասին: