Ռուսական զորքերը երեկ անօդաչու թռչող սարքով հարվածել են Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքն, որտեղ տեղակայված է հետազոտական ռեակտոր (ВВР-М). Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը:
Տեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է Կիևի ժամանակով ժամը 18:18, հաջորդած հրդեհը օպերատիվ մարվել է, տուժածներ չկան: «Ռեակտորը և անվտանգության համար կարևոր օբյեկտները չեն տուժել: Ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի արձանագրվել», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ ասված է տեսչության հաղորդագրությունում:
«Անօդաչու թռչող սարքով հարվածը Միջուկային հետազոտությունների ինստիտուտին հարձակում է խաղաղ միջուկային կառույցի վրա, որը բացառապես գիտական և հետազոտական գործառույթ է իրականացնում», - ընդգծել է տեսչությունը՝ կատարվածը որակելով «Ռուսաստանի կողմից ցինիկ քամահրանք միջուկային և ռադիացիոն անվտանգության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների ու նորմերի նկատմամբ, ինչպես նաև ռազմական հանցագործություն»:
Ռուսական բանակը վերջին շրջանում գրեթե ամեն օր հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի մայրաքաղաքի և Կիևի մարզի ուղղությամբ: Ըստ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Իգոր Կլիմենկոյի՝ օգոստոսի 27-ից մայրաքաղաքում գրանցվել է 235 օդային տագնապ՝ 261 ժամ ընդհանուր տևողությամբ: