Ռուսներն Ուկրաինայի վրա 400-ից ավելի անօդաչու են արձակել

Ուկրաինա - Ռուսների հարձակման հետևանքները Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում, 31-ը հոկտեմբերի, 2026թ.

Աս գիշեր ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են 433 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ հարվածային «Շահեդ», «Հերբերա» դրոններով: Անօդաչուներից 64-ը եղել են ռեակտիվ, հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերը:

Ուկրաինացի զինվորականների նախնական տվյալներով՝ այսօրվա ժամը 7:30-ի դրությամբ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ վնասազերծել են 371 անօդաչու թռչող սարք: Թիրախներին հարվածներ են արձանագրվել 16 վայրերում, ևս 14-ում վայր են ընկել խոցված դրոնների բեկորներ:

Սումիի շրջանում ռուսների հարվածների հետևանքով տուժել է վեց մարդ: Հարձակման տակ են ընկել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, ավտոմեքենաներ և ոչ բնակելի շենք:

Այսօր առավոտյան Կիևում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են իրականացվել՝ էներգահամակարգին ռուսների հարվածների հետևանքով: Էներգետիկ օբյեկտներ են վնասվել նաև Կիևի մարզում, Օբուխովսկի շրջանում կին է հոսպիտալացվել վնասվածքներով:

Ժիտոմիրի մարզում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 650 բնակավայր: Վիննիցայի մարզային իշխանությունները ևս հաղորդել են անօդաչուների հարձակման մասին:

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսների հարվածից ավերվել է քաղաքային վարչակազմի շենքը: Այդ մասին տեղական իշխանությունները հայտարարել են երեկ ուշ երեկոյան:


Դնեպրոպետրովսկի մարզում էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսների նոր հարվածներից հետո առանց էլեկտրականության են մնացել գրեթե 100 հազար սպառողներ երեք շրջաններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է նոյեմբերի լույս 1-ի գիշերը Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին՝ պնդելով, թե դրանք օգտագործվել են ուկրաինական զինված ուժերի կողմից: Ռուսաստանցի զինվորականները հաղորդել են նաև 139 շրջաններում անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահման ենթադրյալ վայրերին, ռազմամթերքի ենթադրյալ պահեստներին և ուկրաինացի զինվորականների դիրքերին, Սումիի մարզի Կոնոտոպ երկաթուղային կայարանին և Օդեսայից հարավ-արևմուտք մի բեռնանավի հարվածելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարվածներ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. ըստ Զելենսկու՝ 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացելԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային Patriot-ի 500 հրթիռի վաճառքինՉեռնիգովում ռուսական հարվածներից 15-ամյա 2 աղջիկ է սպանվել, կա 25 վիրավոր