Ռուսաստանը երեկ և այսօր 4 անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին

Կիևի Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներ, իլյուստրատիվ լուսանկար

Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով երեկ օրվա ընթացքում երեք անգամ հարվածել են Կիևի Հարավային կամրջին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Առաջին հարվածը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի գիշերը։ Երկու «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր պայթել են կամրջի հենարանային կառույցի մոտ, երբ այդտեղով անցնում էր մետրոյի գնացքը։ Զոհեր չկան։ Երկրորդ հարվածը տեղի է ունեցել ցերեկը. անօդաչուն և հարվածել է ճանապարհին՝ առանց լուրջ վնաս պատճառելու։

Երրորդ անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել երեկոյան։ Այն ավելի ավերիչ է եղել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վնասվել են կամրջի հենարաններից մեկը, պաշտպանիչ ցանկապատը, ճանապարհի ծածկույթը, ռելսերը և մետրոյի բետոնե արգելապատնեշները։

Այսօր Կլիչկոն հաղորդել է, որ ռուսները կրկին հարվածել են կամրջին՝ չորրորդ անգամ երկու օրվա ընթացքում:

Հարավային կամուրջը Կիևի ամենակարևոր կամուրջներից մեկն է։ Այն միացնում է Դնեպր գետի աջ և ձախ ափերը։ Կամուրջը մեկուկես կիլոմետր երկարություն ունի։ Մայրուղուց բացի, կամրջով է անցնում նաև Կիևի մետրոյի գծերից մեկը։

Այս պահին կամրջի վրայով ցամաքային տրանսպորտը և մետրոյի գնացքների երթևեկությունը դադարեցված է, իսկ մետրոյի գիծը հոսանքազրկված է։

Վերջերս Ռուսաստանի զինուժն ամեն օր հարվածներ է հասցնում Կիևին։ Այս հարվածները թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բենզալցակայաններ, տվյալների կենտրոններ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, պահեստներ և բնակելի շենքեր։ Այս հարվածները տեղի են ունենում նաև ցերեկային ժամերին։