Ռուսական զորքերը գիշերը կրկին զանգվածային հարձակում են գործել Կիևի վրա, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել 15 մարդ, որոնցից ինը հոսպիտալացվել են։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Պոդոլսկի շրջանում հարվածներ են հասցվել վարչական և ոչ բնակելի շենքերի, Դնեպրովսկի շրջանում՝ երկու բժշկական հաստատությունների (որոնցից մեկում կոտրվել են վերակենդանացման բաժանմունքի պատուհանները) և ոչ բնակելի շենքերի, իսկ Դեսնյանսկի շրջանում հարվածներ են հասցվել համալսարանի հանրակացարանի։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ Դեսնյանսկի շրջանում վնասվել են համալսարանի շենքը, հանրակացարաններ, բնակելի շենքեր և երեք ավտոմեքենա, իսկ Օբոլոնսկի շրջանում հրդեհ է բռնկվել երկու ոչ բնակելի շենքերում։
Ռուսական զորքերը նաև հարձակվել են Կիևի Հարավային կամրջի վրա և վնասել մետրոյի ենթակառուցվածքը: Բացի դրանից՝ վնասվել են Դարնիցա և Չեռնիգովսկա կայարանների և Լիսովա կայարանի ելքերի միջև ընկած հատվածները:
Կամրջի վրա երթևեկությունը ներկայումս սահմանափակ է, Օսոկորկի և Կրասնի Խուտոր կայարանների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածներ են հասցվել արդյունաբերական գործարանի, անօդաչու թռչող սարքերի հավաքման գործարանի (Oakline LLC), անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցի և Հարավային կամրջին:
Խարկովի մարզում հարվածել են ընկերության բեռնաթափման և մաքսային տերմինալին, ինչպես նաև Սև ծովում գտնվող բեռնատար նավի, որն ուղևորվում էր Օդեսայի մարզի Չորնոմորսկ նավահանգիստ։
Ուկրաինան իր հերթին հարվածել է Ռուսաստանի տարբեր հատվածներին: Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ նյութեր նետելու հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Ավելի վաղ ևս մեկ մարդ էր սպանվել Բրյանսկում: