Ռուսաստանը «չի բանակցում» հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցելու շուրջ

Ռուսաստանը բանակցություններ չի վարում ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հղում անելով տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:

Նա հիշեցրել է, որ կոնցեսիոն կառավարման պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարով, ևս տասը տարվա երկարաձգման հնարավորությամբ:

«Արդեն տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են կազմում», - ասել է Զախարովան:

Այս հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետի Ռուսաստան այցին ընդառաջ:

Նիկոլ Փաշինյանը մեկուկես ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր նա:

Երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու և այլ երկրի փոխանցելու Նիկոլ Փաշինյանի պատկերացումը, սակայն, վրդովեցրել էր ռուսական կողմին: Նախ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր «տարօրինակ և փոքր-ինչ անընդունելի» որակել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։

Այս արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը թեև ասում էր, որ երկաթուղու կառավարման հարցով Երևանի և Մոսկվայի միջև աշխատանքային քննարկումներ են ընթանում, բայց նաև շեշտում՝ չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ՝ կոնֆլիկտային տրամաբանությամբ: Իսկ անցած հինգշաբթի կրկին հույս հայտնեց գործընկերային մթնոլորտում լուծել հարցը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը Ռուսաստանում է. այցն ուղեկցվել է բողոքի ակցիայովՓաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Ռուսաստան, կհանդիպի Պուտինի հետՀՀ-ին պետք չի գնալ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ. վարչապետը՝ ՌԴ-ի հետ երկաթուղու հարցով քննարկումների մասին