Ռուսաստանը Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացրել

Ռուսաստանը Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացրել՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հակառուսական հայտարարությունների հետ կապված, հաղոդրում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ճապոնացի դիվանագետին վճռական բողոք է ներկայացրել Ճապոնիայի վարչապետ Ս. Տակաիչիի և արտգործնախարար Տ. Մոտեգիի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի այցին»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ճապոնիայի դեսպանին նաև հայտնել են, որ «Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ անսասան են»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ էր այցելել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի։
Ճապոնիան հավակնում է Կուրիլյան կղզիների հարավային չորս կղզիներին՝ Իտուրուպին, Կունաշիրին, Շիկոտանին և Հաբոմային՝ վկայակոչելով 1855 թվականի առևտրի և սահմանների մասին պայմանագիրը։

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ընդգրկվել են ԽՍՀՄ կազմում, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ։
Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօր տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տոկիոն շարունակական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դեմ տարվող «կոլեկտիվ Արևմուտքի» պատժամիջոցներին, ինչպես նաև աջակցում Կիևի ռեժիմին, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում «համարժեք հակաքայլեր» ձեռնարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրով․ «Ճապոնիան հատել է պարկեշտության սահմանը»