Ռուսաստանում նոր սահմանափակումները կարող են ազդել նաև հայ միգրանտների աշխատանքի վրա

Ռուսաստան - Միգրացիոն կենտրոն Մոսկվայում, արխիվ

Մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած նոր սահմանափակումները կարող են ազդել հայ միգրանտների աշխատանքի վրա: Այդ երկրի Աշխատանքային օրենսգրքում արված նոր փոփոխությամբ՝ Ռուսաստանի մարզերը կարող են քվոտա սահմանել կամ արգելք դնել օտարերկրացի աշխատողների թվի համար:

«Ենթադրենք՝ մինչև այս պահը գյուղատնտեսության ոլորտում կարող էր աշխատել 75 տոկոս օտարերկրացի, հիմա այդ քվոտան փոխվում դառնում է 25 տոկոս», - «Ազատության» հետ զրույցում ասաց միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

Արդեն երեկվանից Ռուսաստանում գործատուներն իրավունք ունեն օրինական կերպով սահմանափակել միգրանտներին աշխատանքի ընդունելը, չերկարաձգել նրանց պայմանագրերը, կամ ազատել աշխատանքից՝ հղում անելով այդ տարածաշրջանի քվոտային:

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները նույնպես կարող են հայտնվել այս ցանկում՝ հատկապես շինարարության և ծառայությունների ոլորտներում:

«Սա նշանակում է, որ բավականին թվով օտարերկրացիներ կկորցնեն իրենց աշխատանքը, որովհետև այդ քվոտավորումը բավականին մեծ ոլորտներ է ընդգրկում», - ընդգծեց Բեժանյանը՝ հավելելով. - «Սա կհարվածի նաև Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտներին, որովհետև նրանք ևս այդ քվոտավորման արդյունքում կսկսեն կորցնել աշխատատեղեր այդտեղ և ստիպված են լինելու կա՛մ ռեգիոն փոխել, կա՛մ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»:

Որոշ աշխատատեղերում գերակշռող դիրք կստանան Ռուսաստանի քաղաքացիները:

Միգրացիոն փորձագետը նշեց՝ եթե մինչև հիմա աշխատանքային պայմանագիրը կարելի էր լուծել հիմնականում դաշնային մակարդակով սահմանափակումների դեպքում, ապա նոր կարգավորմամբ՝ հիմք կընդունվեն նաև Ռուսաստանի առանձին մարզերի ընդունած իրավական ակտերը։

«Նախկինում ընդհանրապես ծառայությունների և ոլորտների մասին էր, հիմա վերաբերում է նաև ռեգիոններին: Օրինակ՝ Մոսկվան կարող է որոշել, որ իր մոտ բացի դրանից կարող է լինել նաև այլ ծառայությունների ոլորտում՝ շինարարության ոլորտում կարող է լինել, ինչ-որ մեկ այլ ոլորտում կարող է լինել: Այսինքն՝ նաև ռեգիոնները առանձին կարող են որոշել՝ բացի ֆեդերալ որոշումներից, էլ որ ոլորտներում իրենք կարող են մտցնել քվոտավորում և որոշել, թե քանի տոկոս օտարերկրացի կարող է աշխատել գործատուների մոտ», - ասաց Բեժանյանը:

Ռուսական լրատվականները գրում են՝ մինչ այս գործատուները հաճախ էին անորոշ վիճակում հայտնվում. մի կողմից՝ տարածաշրջանային սահմանափակումները չկատարելու համար կարող էին տուգանվել կամ նույնիսկ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, մյուս կողմից՝ օտարերկրյա աշխատակցին ազատելը կարող էր դատարանում ճանաչվել անօրինական, քանի որ նման հիմք Աշխատանքային օրենսգրքում չկար:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այս նոր փոփոխության նպատակն է հստակեցնել իրավական դաշտը և ապահովել, որ գործատուները կարողանան օրինական կերպով իրականացնել իրենց տարածաշրջանի պահանջները, որ հետագայում խուսափեն դատական խնդիրներից:

Տաթևիկ Բեժանյանի կարծիքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսած Ռուսաստանն այս փոփոխությամբ այլ նպատակ է հետապնդում. - «Երբ որ պետությունը այնպիսի վիճակում է, որ պետք է մարդկանց ուշադրությունը շեղի, իսկ միգրանտները ամենահեշտ թիրախ խումբն են, և նրանց մասին միշտ ասում են, որ «միգրանտները եկան, ձեր աշխատատեղերը զբաղեցրեցին», և այլն, և կարծում եմ, որ փորձում են այդ լարված իրավիճակում, նաև ժողովուրդը պատերազմից բավականին հոգնել է, ուղղակի սիրաշահեն իրենց սեփական քաղաքացիներին»:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն առաջինն էր, որ անցած տարի ահազանգեց՝ խստացված միգրացիոն օրենքները բացասաբար են ազդելու հատկապես հայաստանցի բեռնափոխադրողների վրա: Գրեթե կես տարի անց վարորդները բողոքի ակցիաներ սկսեցին, Կառավարությունը հայտարարեց, թե բանակցում են ռուս գործընկերների հետ, բայց մինչև այսօր այս ուղղությամբ պաշտոնական հստակ լուծումներ դեռ չկան:

Մի քանի օր առաջ ուժի մեջ մտած օրենսդրական այս փոփոխության հետևանքներն, ըստ միգրացիոն փորձագետի, հայ միգրանտները դարձյալ ամիսներ անց կզգան իրենց վրա:

«Սրանք աշխատող մարդիկ են, պետք է որևէ կերպ շահագրգռել, որ իրենք մնան Հայաստանում: Այն տոկոսը, որ նվազել է, բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այդ մարդը աշխատանք գտել է, և մարզային հանդիպումները, որոնց ես մեկնում եմ, մարդիկ նշում են, որ իրենց մարզերում բավականին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կան, և իրենք գերադասում են մնալ այստեղ: Նախկինում եթե մենք խոսում էինք շուրջ 100 հազարի մասին՝ աշխատանքային միգրանտների, հիմա հազիվ 70 հազարի հասնեն կամ չհասնեն: Պայմանավորված է օրենսդրության խստացումներով, ռուբլու արժեզրկմամբ, և ամեն վայրկյան այն վտանգը, որ իրենք կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում, կամ հայտնվեն միգրանտների պահման վայրերում, կալանավայրերում, որտեղից, որպես կանոն, հավաքագրում են և տանում են պատերազմին մասնակցելու», - ընդգծեց Բեժանյանը:

Այս սահմանափակումները մտցնում են ոչ թե գործատուները, այլ Ռուսաստանի մարզային իշխանությունները։ Գործատուն պարտավոր է հարմարվել այդ կանոններին՝ պահպանելով օրենքով սահմանված կարգը։ Դեռ 2014 թվականից Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ իրավունք ունեին սահմանափակումներ մտցնել վիզայով երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը դեռ շարունակում է հայ միգրանտների համար արտագնա աշխատանքի առաջին ուղղություններից մեկը լինել: Ըստ բաց աղբյուրների՝ այս թիվը տատանվում է 70-100 հազարի սահմաններում: Անկում նկատվել էր ռուս - ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո: