2026 թվականի առաջին տասն ամիսներին ռուսաստանյան դատարանները 2 հազար 13 մարդու նկատմամբ 1 865-ից ոչ պակաս դատավճիռ են արձակել «ահաբեկչական» հոդվածներով: Դա 5 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2025-ին, հաղորդում է «Պերվիյ օտդել» իրավապաշտպան նախագիծը:
Խոսքը ահաբեկչական գործողությունների և դրանց նախապատրաստման, ահաբեկչության արդարացման, ֆինանսավորման, արգելված կազմակերպություններին մասնակցության մեղադրանքների մասին է: Ամենից հաճախ մարդկանց դատապարտել են ահաբեկչությունն արդարացնելու հոդվածով՝ սոցցանցերում գրառումների համար:
Վերջին շրջանում աճում է այն անձանց թիվը, ում դատապարտում են «ահաբեկչական գործունեությանն աջակցության» համար. խոսքը, որպես կանոն, նվիրատվությունների մասին է:
Գրանցվել է նաև այն գործերի թվի աճ, որոնցում «ահաբեկչական» հոդվածները միացրել են պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներին: Եթե առաջին եռամսյակում նման գործերը 44-ն էին, երրորդում արդեն 87-ն են: Այս տարվա ինն ամիսներին ռուսաստանյան դատարանները նման գործերով 203 մարդու են դատապարտել:
Գործերի մեծ մասը կապված է Ուկրաինայում պատերազմի հետ՝ դատապարտվածներին մեղավոր են ճանաչում Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված ուկրաինական կազմակերպությունների հետ համագործակցության կամ ուկրաինացի զինվորականների՝ ռուսական իշխանությունների կողմից ահաբեկչական որակվող գործողությունների արդարացման մեջ:
«Պերվիյ օտդել»-ի ղեկավար Դմիտրի Զաիր-Բեկի կարծիքով՝ մինչև տարեվերջ «ահաբեկչական» հոդվածներով գործերի թիվը կհասնի շուրջ 2.5 հազարի: Նա նշել է, որ դրամական փոխանցումների վերաբերյալ գործերի թիվն աճում է, իսկ խոսքերի՝ «ահաբեկչության արդարացման» վերաբերյալ գործերի թիվը՝ համամասնաբար նվազում:
«Ռուսաստանյան AML-համակարգերը՝ գործիքները, որոնցով բանկերը և «Ռոսֆինմոնիտորինգ»-ը հետևում են կասկածելի վճարումներին, արագ զարգանում են, և այժմ ուժայինները կարող են փորփրել հին կրիպտոփոխանցումներն ու գտնել մարդկանց, ովքեր արդեն մտածում էին, թե իրենց դա չի վերաբերելու: Ռուսաստանում «ահաբեկչական գործերի» հաջորդ ալիքը ֆինանսական է լինելու, և դրա տակ ընկնելու են մարդիկ, ովքեր վաղուց մոռացել են իրենց նվիրատվությունների մասին», - ընդգծել է իրավապաշտպան նախագծի ղեկավարը: