Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան 157 ռազմագերի են փոխանակել: Սա 2026 թվականի առաջին փոխանակումն է:

Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ազատ արձակվածների մեծ մասը գերի է վերցվել Մարիուպոլի պաշտպանության ժամանակ։

«Այսօր ազատ արձակված 139 ուկրաինացիները ռուսական գերության մեջ էին 2022 թվականից։ Ամենաերիտասարդը՝ 23 տարեկան է։ Նա գերի է վերցվել 19 տարեկանում՝ Մարիուպոլի պաշտպանության ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակման շրջանակում Կուրսկի մարզից երեք քաղաքացիական անձ վերադարձվել է Ռուսաստան։

Աբու Դաբիում երեկ ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել 314 ռազմագերիների փոխանակման շուրջ: