Ռուսաստանի նավթագազային եկամուտները մայիսին կարող են աճել 40%-ով. Reuters

Ռուսաստանի պետական բյուջեի՝ նավթից և գազից ստացվող եկամուտները այս ամիս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կարող են աճել գրեթե 40%-ով՝ հասնելով շուրջ 700 միլիարդ ռուբլու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։

Գործակալությունը եկամուտների աճը կապում է Իրանում պատերազմի և համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացման հետ՝ Հորմուզի նեղուցում ճգնաժամի հետևանքով։ Նավթագազային եկամուտները կազմում են Ռուսաստանի բյուջեի մուտքերի շուրջ մեկ հինգերորդը։

Չնայած դրան, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանի նավթագազային եկամուտները, Reuters-ի գնահատմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ մեկ երրորդով՝ կազմելով շուրջ երեք տրիլիոն ռուբլի։

Reuters-ը նաև հիշեցնում է, որ 2025-ին Ռուսաստանի բյուջեի նավթագազային եկամուտները կրճատվել էին 24%-ով՝ հասնելով 8,5 տրիլիոն ռուբլու, ինչը նվազագույն ցուցանիշն էր 2020 թվականից ի վեր։