Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընտանիքների վերամիավորման ակցիա է իրականացվել

Բելառուսցի սահմանապահը «Նովայա Գուտա» անցակետի մոտ, արխիվ

Բելառուսի և Ուկրաինայի սահմանի «Նովայա Գուտա» անցակետում տեղի է ունեցել Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման հերթական մարդասիրական ակցիան, այսօր հաղորդում է ռուսական ТАСС պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով բելառուսական БелТА-ին:

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանից Ուկրաինա իրենց հարազատների մոտ են վերադարձել 15, Ուկրաինայից Ռուսաստան՝ երեք քաղաքացիներ: Նրանք հիմնականում տարեց և փոքր շարժունակությամբ մարդիկ են:

Ավելի վաղ Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Յանա Լանտրատովան ТАСС-ին ասել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցնում են մարտական գործողությունների հետևանքով բաժանված ընտանիքների վերամիավորման ցուցակները, և այն կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս:

Ուկրաինայի և Բելառուսի սահմանի նույն անցակետում այսօր Մոսկվան և Կիևը զոհվածների դիեր են փոխանակել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև