«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու կողմնակից է: Երեկ երեկոյան ընտրողների հետ հանդիպումից հետո հակառուսական պաստառներով քայլերթով հասան 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի անցակետի մոտ ու լուռ բողոքի ակցիա անցկացրին:
Այդ պահին ռուս զինվորական էր անցում ու Ազատ Արշակյանը հորդորեց նրան տուն գնալ. «Иван иди домой»։
Զինվորականը չարձագանքեց:
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկանածու Արման Բաբաջանյանը պնդում է, որ վերջին օրերին ռուսական կողմի տնտեսական սանկցիաները ընտրողների վրա ազդելու համար են իրականացվում:
«Վախի և սպառնալիքի ալիք են փորձում բարձրացնել հայ ընտրողների, մեր քաղաքացիների տրամադրությունների վրա... Սպառնալիք են տարածում՝ մեր քաղաքացիների կամարտահայտության վրա ազդելու նպատակով», ասաց նա։
Ըստ Բաբաջանյանի՝ հայկական կողմը պետք է հայելային պատասխան տա: Նախ, դադարեցնի ռուսական ալիքների հեռարձակումը, հետո սկսի ռազմաբազայի դուրս բերման գործընթաց:
«Էս ռազմաբազան այլևս անելիք չունի, իր առաքելությունը սպառված է 2020թ․-ին, 2021 թ․-ին, 2022թ․-ին, 2023թ․-ին, հայ ժողովրդի հետ տեղի ունեցածից հետո, էս ռազմաբազան այլևս ընդհանրապես անելիք չունի և մի անգործունակ է։ Եվ դրան պիտի հաջորդի ուղղակի Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը քննարկման առարկա դարձնել ժամկետից շուտ այս ռազմաբազայի գործողությունը կասեցնելու և նրանց Հայաստանից դուրս շպրտելու հարցը», նշեց Բաբաջանյանը։
Հայաստանի իշխանությունները նախընտրական այս շրջանում զգույշ են արձագանքում Մոսկվային, իսկ ռազմաբազայի մասով ասել են, թե նման օրակարգ չունեն, ավելին՝ խորհրդարանի խոսնակը վերջերս ասել էր, թե դա աբսուրդ քննարկում է:
Բայց Բաբաջանյանը կտրուկ քայլերի կողմնակից է՝ պարադոքս է համարում, որ օտարերկրյա բազայի կոմունալ ծախսերը հայաստանցի հարակատուներն են վճարում:
«Հայաստանի հարկատուներն են նաև սրանց կոմունալ վճարները տալիս, մի բան, որ ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում չկա, և կարծում եմ, որ Հայաստանը պիտի ընտրի մի ճանապարհ, երբ այլևս որևէ պետության ռազմական ներկայություն պիտի բացառվի Հայաստանի տարածքում։ Մեր սահմանների պաշտպանությունը, մեր երկրի անվտանգությունը մենք պիտի ի վիճակի լինենք իրականացնել», ասաց նա։
Հաջորդ քայլով, ըստ նրա, նաև պետք է հայ-թուրքական սահմանից դուրս բերվեն ռուս սահմանապահները:
«Կարծում եմ, որ մենք հայ-թուրքական սահմանից պետք է ռուսական հատուկ ծառայությունների՝ ՖՍԲ-ի զինծառայողներին դուրս բերելու հարց քննարկենք։ Վերջապես, էդ սահմանը կդառնա հայ-թուրքական։ Էսօր ռուսները չեն համարում, որ դա Հայաստան-Թուրքիա սահմանն է, իրենք համարում են, որ դա Եվրասիական տնտեսական միություն-Թուրքիա սահմանն է, իրենց դուրս դնելով՝ էդ սահմանը կդառնար հայ-թուրքական սահման»։
Քաղաքական այս ուժը հայտարարում է, թե ցանկանում է լինել ընդդիմադիր դաշտի սանիտարը՝ ռուսամետ ուժերին դուրս թողնելով քաղաքական դաշտից:
2021-ին «Հանուն Հանրապետությունը» դաշինքով էր մասնակցում ընտրություններին և ստանալով ընտրողների ձայների 1.5 տոկոսը՝ դուրս մնաց խորհրդարանից:
Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման արդյունքներով՝ Բաբաջանյանի կուսակցությունը տեղ չի գտել այն ուժերի ցանկում, որոնց ընտրողները կտային իրենց ձայնը: