«Ռուսական երկաթուղին»՝ պարտքերի տակ. 50 միլիարդ դոլարի ֆինանսական ճգնաժամ

Մոտ 50 միլիարդ դոլարի պարտք, տարեցտարի նվազող եկամուտներ, բարձրացող սակագներ ու կրճատվող հազարավոր աշխատակիցներ. սա է ռուսական երկաթուղու ֆինանսական պատերն այսօրվա դրությամբ։

Հսկա ընկերությունը, որի ռելսերը ձգվում են 85 հազար կիլոմետր ու միավորում 11 ժամային գոտիներ, հիմա սայթաքում է սեփական պարտքերի ծանրության տակ։ Դրանք սկսեցին կուտակվել Ուկրաինայի դեմ պատերազմից հետո, երբ Եվրամիությունն ու մյուս երկրները պատժամիջոցներ սահմանեցին, այդ թվում՝ ՌԺԴ-ի նկատմամբ, արևմտյան հարյուրավոր ընկերություններ երկրից հեռացան, կամ դադարեցրին համագործակցությունը ռուսական արտադրողների հետ։

Ամենամեծ հարվածն ստացավ բեռնափոխադրումների ոլորտը՝ «Ռուսական երկաթուղիների» եկամտի գլխավոր աղբյուրը։

Պատերազմի հաջորդող երեք տարիներին արդեն Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են մոտ 82 տոկոսով։ Ընդհանուր, անցած տարի ռուսական երկաթուղով փոխադրվել է 1,12 միլիարդ բեռ՝ ամենացածր ցուցանիշն անցած 16 տարվա մեջ։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարեվերջին «Ռուսական երկաթուղիների» ընդհանուր պարտքը հասել էր գրեթե 3.9 տրիլիոն ռուբլու, որը գերազանցում է ընկերության մեկ տարվա եկամուտը։ Նույն տարում ընկերության պարտքն աճել էր մոտ 26 տոկոսով, մինչդեռ զուտ շահույթը նույն ժամանակահատվածում կրճատվել էր մոտ 96 տոկոսով։

Խնդիրը, սակայն, միայն պարտքի չափը չէ, այլ այն սպասարկելու գինը։ Պատժամիջոցների տակ գտնվող երկրում գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում ցածր տոկոսներով գումար հայթայթելը։ Արդյունքում, ՌԺԴ-ն գումար է վաստակում, մեծ մասը տալիս բանկերին։ Անցած տարի ընկերության ֆինանսական ծախսերը հասել են 534 միլիարդ ռուբլու՝ մեկ տարվա աճը կազմել է շուրջ 87 տոկոսով։

Այս պայմաններում ռուսական երկաթուղային հսկան ստիպված է խնայել այնտեղ, որտեղ նախկինում հարյուրավոր միլիարդներ էր ներդնում։

Եթե 2024-ին «Ռուսական երկաթուղիների» ներդրումային ծրագիրը հասնում էր մոտ 1.5 տրիլիոն ռուբլու, ապա այս տարվա համար նախատեսված է դրա մոտ կեսը, այսինքն՝ երկու տարվա ընթացքում ներդրումները կրճատվել են ավելի քան 50 տոկոսով։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս նաև, որ ՌԺԴ-ում նորոգման կարիք ունեցող բեռնատար վագոնների մասնաբաժինն աճել է, իսկ նորերի արտադրությունը՝ նվազել. գումար չկա։ Նույն աղբյուրների համաձայն՝ խնայում են ոչ միայն շարժակազմի վրա՝ այս տարվա մարտին ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարեց շուրջ վեց հազար աշխատակցի կրճատելու մասին։

«Տնտեսական այս շղթայում ցանկացած օղակի տապալումը դոմինոյի էֆեկտ է ունենում մյուս ոլորտների վրա։ Այս պահին «Ռուսական երկաթուղիները» պետական ՎՏԲ-ի խոշորագույն վարկառուներից է։ Եվ եթե «Ռուսական երկաթուղիները» չկարողանա մարել իր վարկերի տոկոսները, դա կասկածի տակ կդնի ՎՏԲ-ի ֆինանսական կայունությունը, իսկ ՎՏԲ-ն Ռուսաստանի առանցքային բանկերից է։ Այսինքն՝ սա շղթա է, որտեղ մեկ օղակը քաշում է մյուսին»,- ասում է Հարվարդի համալսարանի գիտաշխատող Անդրեյ Յակովլևը:

Ֆինանսական դժվարությունների ամենատեսանելի խորհրդանիշը, թերևս Մոսկվայի կենտրոնում է։ Այս տարեսկզբին «Ռուսական երկաթուղիները» վաճառքի հանեց «Մոսկվա-Սիթի»-ում գտնվող շքեղ երկնաքերը՝ 63-հարկանի երկու աշտարակները։ Մեկնարկային գինը 2 միլիադ դոլար էր, որը նախատեսվում էր ուղղել կուտակված պարտքերը մարելուն։ Սակայն, մայիսին նախատեսված աճուրդը չկայացավ. նույնիսկ մեկ գնորդ չգտնվեց։
Նույն ճակատագրին է արժանացել նաև Մոսկվայի պատմական Ռիգայի կայարանը։ Ընկերությունն այն արդեն չորս անգամ է վաճառքի հանել, աճուրդները, սակայն, այդպես էլ չեն կայացել։

Գծերից ընկած հսկայի շուրջ սեղմվող օղակը ստիպել է Ռուսաստանի կառավարությանը գնալ կտրուկ քայլերի: Ամիսներ առաջ որոշվել է 2027-ի հունվարից նախատեսված թանկացումը ավելի շուտ կիռարել ու արդեն այս տարվա հոկտեմբերից բեռնափոխադրումների սակագները 8,5 տոկոսով բարձրացնել։ Եվ սա առաջին նման քայլը չէ՝ Պատերազմից ի վեր բեռնափոխադրումը ռուսական երկաթուղով թանկացել է ավելի քան 50 տոկոսով։
Փաստացի, ստացվում է փակ շղթա․ բեռնափոխադրումները նվազում են, սակագները՝ բարձրանում, վարկի սպասարկումը՝ թանկանում։ Եվ որքան մեծանում են պարտքերը, այնքան նեղանում է առաջ շարժվելու ճանապարհը՝ այս իրավիճակից դուրս գալու, զարգանալու ու ներդրումներ անելու համար: