Ռուսական ԱԹՍ-ներն ու հրթիռները խոցել են Կիևի մերձակայքում գտնվող երկաթուղային հանգույցը

Արխիվ

Ուկրաինական «Ուկրզալիզնիցիա» պետական երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ Կիևի մերձակայքում գտնվող երկաթուղային հանգույցը հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների լայնածավալ գնդակոծության հետևանքով: Վնասվել են պահեստներն ու երկաթուղային վագոնները:

Վերջին շաբաթներին Ռուսաստանն ուժեղացրել է իր հարձակումները Ուկրաինայի էներգետիկ հատվածի և ենթակառուցվածքների վրա՝ թիրախավորելով էլեկտրակայաններն ու երկաթուղային հանգույցները:

«Ուկրզալիզնիցիա» նշել է, որ ստիպված է եղել չեղարկել մի քանի մերձքաղաքային գնացքներ մայրաքաղաքի շրջանում և Չեռնիգով քաղաքում:

Արտակարգ ծառայությունները հայտնել են երկաթուղային կայարանի տարածքում հրդեհի ու ավերածությունների մասին, սակայն մանրամասներ չեն հայտնել:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ հարձակման թիրախը եղել են էներգետիկայի ու ջերմամատակարարման օբյեկտները, մասնավորապես հարձակման են ենթարկվել Չեռնիգովի, Զապորոժիեի, Լվովի և Դնեպրոպետրովսկի մարզերի օբյեկտները։

Օդեսայի մարզի հարավում առանց ջեռուցման է մնացել 9 հազար 500 սպառող, իսկ առանց ջրամատակարարման՝ 34 հազարը: