Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Ուկրաինայում զոհեր ու վիրավորներ կան

Ռուսական հարվածների հետևանքները Զապորոժիեում, փետրվարի 20,2026թ.

Ուկրաինայում գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել են մի քանիսը, այս մասին այսօր հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, հայտնել է մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը՝ հավելելով, որ երեք մարդ վիրավորվել է։

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 33-ամյա տղամարդ է զոհվել է, ևս մեկը վիրավորվել է, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը Ուկրաինայի վրա մոտ 50 հրթիռ և 300 անօդաչու թռչող սարք է արձակել, կան զոհեր, վիրավորներ

Նախօրեին էլ հաղորդվել էր, որ ռուսական բանակը համակցված հարված է հասցրել Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին՝ օգտագործելով 48 հրթիռ, այդ թվում 22-ը՝ բալիստիկ, և 297 հարվածային անօդաչու թռչող սարք, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Հրթիռներից 14-ը և անօդաչուներից 23-ը հարվածել են 14 կետերի:

Հարվածի հիմնական ուղղություններն էին Կիևի, Օդեսայի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը: