Արդյոք ռուսական անօդաչուն կարո՞ղ էր հարվածել Զելենսկիի ինքնաթիռին. ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը «քիչ էր մնացել խոցեր» Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը, երբ այն լքում էր Մոլդովան: Նորվեգացի, մոլդովացի և ուկրաինացի պաշտոնյաները պարզաբանումներ են ներկայացրել միջադեպի մասին և հաստատել, որ Զելենսկիի թռիչքը հետաձգվել է: Նրանք, սակայն, չեն հաստատել, որ որևէ անմիջական սպառնալիք է եղել ինքնաթիռին:

Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի Օսլոյում մասնակցել էր Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորությանը, նաև մի քանի հանդիպում ունեցել։ Նորվեգիայի վարչապետի գրասենյակն ավելի ուշ հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ին Մոլդովայում անօդաչու թռչող սարքի միջադեպի պատճառով, որի մասին խոսել էր Յոնաս Գար Ստյորեն, հետաձգվել է Զելենսկիի թռիչքը, սակայն հայտնի չէ՝ արդյոք ուղղակի սպառնալիք է եղել նախագահական ինքնաթիռի համար։

«Մոլդովայի օդային տարածքում հայտնվել է անօդաչուի սպառնալիք, որի պատճառով հետաձգվել է Զելենսկիի թռիչքը դեպի Օսլո։ Սրանք այն սպառնալիքներն են, որոնց նա բախվում է ամեն օր։ Հայտնի չէ, թե որքան մոտ են եղել անօդաչուները նրա ինքնաթիռին», - ասել է Նորվեգիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Բհանուջա Ռասիան:

Նորվեգիայի ֆինանսների նախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ միջադեպի մասին իմացել է հենց Զելենսկիից սեպտեմբերի 8-ի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ: Նորվեգիայի հանրային NRK հեռարձակողին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահը խոսել է իր ինքնաթիռին սպառնացող «վտանգի» մասին:

«Նա մեզ այդ մասին պատմեց երեկ երեկոյան, երբ մենք հանդիպեցինք։ Ես չեմ կարող մանրամասների մեջ մտնել, բայց նա ուշացել էր. ինքնաթիռին ուղղված որոշ սպառնալիքներ կային։ Բայց ես բավականաչափ լավ չգիտեմ մանրամասները, որպեսզի ավելին ասեմ», - նշել է նա։

Հիշեցնենք, որ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն նորվեգական NRK հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը Քիշնևից Օսլո թռչելիս անօդաչուի կողմից խոցվելու եզրին էր։ «Նրա ինքնաթիռը քիչ էր մնացել խոցվեր անօդաչուի կողմից Մոլդովայից թռչելու ժամանակ։ Սա այն իրականությունն է, որին նա բախվում է», - ասել էր Նորվեգիայի վարչապետը։

Ի՞նչ է պատմում Քիշնևը

Մոլդովայի կառավարության խոսնակ Դումիտրու Չորիչին չորեքշաբթի երեկոյան Molpress գործակալությանն ասել է, որ երկրի օդային տարածքը սեպտեմբերի 8-ին (տեղի ժամանակով ժամը 16:30-ից մինչև 17:39-ը) ժամանակավորապես փակվել է Ուկրաինայի տարածքից մուտք գործած ռուսական անօդաչուի պատճառով: Դրա պատճառով, ըստ նրա, երեք ինքնաթիռի թռիչք և ևս չորսի վայրէջք է հետաձգվել:

«Նաև այս պատճառով է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռը ուշացումով է թռել Քիշնևի միջազգային օդանավակայանից», - ասել է մամուլի խոսնակը։

Զելենսկիի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն տրվել է այն բանից հետո, երբ Մոլդովայի իշխանությունները հաստատում են ստացել, որ անօդաչու է պայթել Քիշնևի միջազգային օդանավակայանից մոտ 160 կմ հեռու գտնվող Ռիշկանի շրջանի Միհայլենի Վեչի գյուղի մոտակայքում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Համաձայն adsbexchange.com գլոբալ օդային երթևեկության մոնիթորինգի պորտալի տվյալների՝ Զելենսկի ինքնաթիռը Քիշնևից թռել է տեղի ժամանակով 17:52-ին։

Դա «չափազանցություն» է

Ուկրաինայի նախագահի գրասենյակից AFP-ին ասել են, որ «չափազանցություն» են Զելենսկի ինքնաթիռի՝ վտանգի ենթարկվելու մասին հայտարարությունները։ «Մոլդովայում տագնապ էր, երբ անօդաչուն մտել էր Մոլդովայի, ապա՝ Ռումինիայի օդային տարածք»,- ասել են նախագահականից:

Ըստ Մոլդովայի պաշտպանության նախարարության՝ երեքշաբթի կեսօրին «Շահեդ» անօդաչուն ներխուժել էր Մոլդովա, անցել Քիշնևի մոտակայքով, նախքան Յասիի շրջանով Ռումինիայի օդային տարածք մուտք գործելը։ Կարճ ժամանակ անց անօդաչուն թեքվել է և կործանվել Ռիշկանի շրջանի Միհայլենի Վեչիի մոտակայքում։

Անօդաչուի ներխուժման հետևանքով մեկ ժամից ավելի փակվել է օդային տարածքը կենտրոնական Մոլդովայում: Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ արդեն թռիչքի մեջ գտնվող երեք ինքնաթիռ ստիպված է եղել մոտ 15 րոպե մնալ Ռումինիայի օդային տարածքում, ևս երեքը մնացել են Քիշնևում, իսկ մեկ ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Յաշիում։

Անօդաչուի Ռումինիա մուտք գործելու հետևանքով թռիչքները ժամանակավոր դադարեցվել են նաև Յաշիում։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միհայ Կոգալնիչանու թիվ 57 ավիաբազայից օդ են բարձրացել երկու F-18 կործանիչներ՝ «իրավիճակը վերահսկելու» համար։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ռուսական ուժերն անօդաչուով հարված են հասցրել Մոլդովայի հետ սահմանին գտնվող Օդեսայի մարզի ուկրաինական «Ստարոկազատե» անցակետին։ Իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել երեք մարդ։

Ինչո՞ւ է Զելենսկին թռչում Քիշնևով

2026 թվականի հունիսից սկսած՝ նախագահ Զելենսկին իր արտասահմանյան ուղևորությունները հաճախ կատարում է Քիշնևի օդանավակայանից, այլ ոչ թե Լեհաստանի արևելքում գտնվող Ժեշով (Յասիոնկա) օդանավակայանից, ինչպես սովորաբար անում էր։

Մամուլը գրում է, որ փոփոխությունը տեղի է ունեցել Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերություններում նոր լարվածության ֆոնին, որը ծագել էր այն բանից հետո, երբ Զելենսկին ուկրաինական բանակի զորամիավորումներից մեկը վերանվանեց «Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների պատվին»։

Ուկրաինական ապստամբական բանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, բայց նաև մասնակցել է Վոլհինիայում 1943-1945 թվականներին տեղի ունեցած կոտորածներին, որոնց ժամանակ, ըստ Վարշավայի, սպանվել է մոտ 100,000 էթնիկ լեհ։

Չնայած Զելենսկին այդ ժամանակ հայտարարեց, որ իր ժեստը հակալեհական քայլ չէ, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշեց իր ուկրաինացի գործընկերոջից հետ վերցնել 2023 թվականին շնորհված Սպիտակ արծվի շքանշանը։

Ո՛չ Կիևը, ո՛չ Վարշավան, ո՛չ Քիշնևը չեն մեկնաբանել Զելենսկի կողմից իր արտասահմանյան այցելությունների համար օգտագործվող օդանավակայանի փոփոխության վերաբերյալ ենթադրությունները: Նախորդ տարիներին Ժեշովի (Յասիոնկա) օդանավակայանից էին սովորաբար Ուկրաինայի առաջնորդն ու ուկրաինական այլ պատվիրակությունները սկսում նախագահական ինքնաթիռով իրենց միջազգային ուղևորությունները ու հենց այս օդանավակայանում էլ ավարտում դրանք: