Ռուսական «Ամեդիատեկա» հոսքային ծառայությունը գրաքննել է արտասահմանյան 200 սերիալ և դրանցից 75 ժամ տևողությանբ բովանդակություն է կտրել և դուրս թողել, պարզել է Mediazona նախագիծը՝ առցանց կինոթատրոնի կայքում սերիալները դրանց բնօրինակ տարբերակների հետ համեմատելուց հետո։
Գրեթե յուրաքանչյուր երկրորդ արտասահմանյան հեռուստասերիալը ենթարկվել է գրաքննության, այդ թվում՝ «Սեքսը մեծ քաղաքում», «Գահերի խաղը», «Սոպրանոները», «Գաղտնալսումը» և «Քայլող մեռյալները»։
Ինչպես նշում է պարբերականը, ուսումնասիրվում է «յուրաքանչյուր ստեղծագործություն, յուրաքանչյուր կերպարի մեջբերում և յուրաքանչյուր կադր»՝ Ռուսաստանում արգելված թեմաները շրջանցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
«Երբեմն հեռուստասերիալներից անհետանում են տեսարաններից ընդամենը մի քանի վայրկյան, երբեմն՝ ամբողջական սյուժետային գծեր, որոնց բացակայությունը ստեղծագործությունը դարձնում է գրեթե անիմաստ», - նշվում է ուսումնասիրությունում:
ԼԳԲՏ թեման
Կրճատված ժամերի կեսից ավելին (44 ժամ) վերաբերում է ԼԳԲՏ համայնքի թեմաներին: Օրինակ՝ «Հաճախորդը միշտ իրավացի է» սերիալից կրճատվել է ԼԳԲՏ-ին վերաբերող գրեթե երեք ժամ տևողությամբ բովանդակություն, իսկ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից՝ նույնասեռական կերպար Սթենֆորդ Բլեչի հետ կապված 25 րոպե տևողությամբ բովանդակություն:
Բացի դրանից՝ նշվում է, որ գրաքննության են ենթարկվել նույնիսկ «շատ կարճ տեսարանները», որոնք որևէ դեր չեն խաղում սյուժեում, ինչպես նաև ծիածանները (օրինակ՝ տոնածառի զարդարանքի վրա), բազմագույն առարկաները կամ գույների համադրությունները, որոնք կարող են ծիածան հիշեցնել։
Քաղաքականություն
Երկրորդ ամենաշատ գրաքննված թեման քաղաքականությունն է, որը հիմնականում ազդում է վավերագրական ֆիլմերի վրա: Բովանդակությունը հեռացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին հղումներ կատարելու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատելու և ԽՍՀՄ-ի մասին ոչ հաճելի բնութագրումներ տալու համար:
Օրինակ՝ «Երկիր մոլորակի առեղծվածները» վավերագրական շարքից հանվել է գրեթե հինգ ժամ տևողությամբ բովանդակություն, այդ թվում՝ երեք դրվագներ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Նենոկսայի վարժարանում տեղի ունեցած միջադեպի, լքված խորհրդային բանտի և Լեհաստանում գտնվող խորհրդային բունկերների մասին։
Ավելին, պարբերականի տվյալներով, ծառայությունը հեռացրել է արյունապղծության և պեդոֆիլիայի, թմրանյութերի և օրինական դեղագործական միջոցների, ոչ ավանդական սեքսի, հղիության արհեստական ընդհատման, ինչպես նաև երեխաներ ունենալու վերաբերյալ կերպարների արտահայտած ցանկացած կասկածի, ինչպես նաև ինքնասպանության մասին հղումները, այդ թվում՝ տեսարանները, որտեղ կերպարները զոհաբերում են իրենց ուրիշների համար։
Ռուսաստանում նաև գրաքննվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնակենսագրությունը, որտեղ նա խոսում է նույնասեռականների և տրանսգենդեր անձանց մասին: