Ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի Սումիի մարզ

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Սումիի մարզում, արխիվ

Ռուսական բանակի ստորաբաժանումները հատել են Ուկրաինայի պետական սահմանը Սումիի մարզի Գրաբովսկոյե գյուղի շրջանում:

Ուկրաինայի ԶՈՒ-ում հաստատել են, որ ուկրաինական պաշտպանական ուժերը հեռացել են մի քանի դիրքերից: Կայունացման միջոցառումները շարունակվում են, ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես ուկրաինական "Суспiльне" պարբերականին փոխանցել է Գրաբովսկոյեի գյուղապետ Լարիսա Կրեմենզան, սահմանամերձ այդ գյուղի շուրջ հինգ տասնյակ բնակիչների ռուս զինծառայողները տարել են Ռուսաստանի տարածք:

Ավելի վաղ Кордон.Медиа պարբերականը հաղորդել էր, որ դեկտեմբերի լույս 20-ի գիշերը ռուսական զորքերը մուտք են գործել Գրաբովսկոյե, որտեղ եղել են ստորագրությամբ տարհանումից հրաժարված քաղաքացիական անձինք: Ըստ հրատարակության՝ նրանց թիվը շուրջ 50 էր, հիմնականում տարեցներ, որոնց ռուսները հեռացրել են Ռուսաստանի տարածք՝ «ֆիլտրման միջոցառումներ» իրականացնելու համար: Երեխաներ նրանց թվում չեն եղել:

Այսօր դա հաստատել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը՝ ընդգծելով, որ նման գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են, և հայտնելով, որ դիմել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովային՝ տեղեկատվություն պահանջելով տեղահանված ուկրաինացիների մասին: Լուբինեցը նաև նամակ է հղել Կարմիր Խաչին:

Ուկրաինական իշխանությունները տարհանում են Սումիի մարզի սահմանամերձ շրջանների բնակիչներին: «Թշնամին ընտրության հնարավորություն չի թողնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Միակ ճիշտ քայլը տարհանումն է՝ հանուն կյանքի պահպանման», - հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը:

Սումիի մարզի վրա հարձակման նախորդ փորձը ռուսական բանակը ձեռնարկել էր մայիսի վերջին: Այն ժամանակ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել էր կասեցնել հարձակումը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օդեսայի մարզի նավահանգստին հրթիռային հարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելՈւկրաինայի ԳՇ-ն հայտարարում է Կասպից ծովում ռուսական պարեկային նավ խոցելու մասինՈւկրաինան և Ռուսաստանը զոհվածների դիերի հերթական փոխանակումն են իրականացրելԴոնի Ռոստովի նավահանգստում ԱԹՍ հարձակման հետևանքով վնասվել է նավ, կան զոհեր և վիրավորներՄոսկվայից կրկին ազդակներ ստացանք, որ պատրաստվում են հաջորդ տարի շարունակել պատերազմը. ԶելենսկիՊուտին. «Եթե հրաժարվեն բովանդակային քննարկումներից, Ռուսաստանը ռազմական ճանապարհով կազատագրի իր պատմական հողերը»