Ռուբիո. Եթե իրանցիները ցանկանում են հանդիպել ուրբաթ, մենք պատրաստ ենք

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների վայրը դեռևս քննարկվում է, նշելով, որ Իրանի կառավարությունը նախկինում համաձայնել էր ուրբաթ օրը Թուրքիայում հանդիպման ձևաչափին, սակայն, կարծես, փոխել է իր որոշումը։

Ռուբիոն հավելել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատրաստ է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը, ինչպեսև նախատեսված է։

Եթե իրանցիները ցանկանում են հանդիպել ուրբաթ, մենք պատրաստ ենք,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Պետքարտուղարն ընդգծել է, սակայն, որ քննարկումները պետք է ընդգրկեն հրթիռային և միջուկային ծրագրերը:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Օմանում, ուրբաթ օրը: ISNA լրատվական գործակալությունը նշել է, որ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որի կազմում կլինեն նաև բարձրաստիճան դիվանագետներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները տեղի կունենան Թուրքիայում: Հանդիպումն այժմ տեղափոխվել է Օման: Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Իրանը բացատրել է, որ նախկինում Օմանում արդեն անցկացվել են բանակցություններ, և ցանկանում են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները նախորդի շարունակությունը դառնան: Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը պահանջել է նաև, որ միայն միջուկային հարցերի շուրջ երկկողմանի բանակցություններ լինեն, մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է ներառել այլ թեմաներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները և Իրանի պրոքսիների գործունեությունը տարածաշրջանում։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպման վայրն ու օրակարգը փոխելու Թեհրանի որոշումը տեղի է ունենում ԱՄՆ սպառնալիքների ֆոնին, որ Իրանը պետք է բանակցությունների նստի միջուկային ծրագրի շուրջ։ Տարածաշրջանի երկրներն էլ, մտավախություն ունենալով, որ լարվածությունը կարող է ավելի լայն պատերազմի վերածվել, կոչ են անում խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել և ջանքեր են գործադրում, որպեսզի կողմերը բանակցեն:

Այս շաբաթավերջին կայանալիք հանդիպումը կլինի կողմերի միջև առաջինը՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահը գուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարածաշրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից տեղափոխվում են Օման Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալԱՄՆ-ն խոցել է ավիակիրին մոտեցող իրանական ԱԹՍ, հայտնում են ԱՄՆ զինված ուժերըՍտամբուլի հանդիպումից առաջ Թրամփը սպառնում է՝ եթե գործարք չկնքվի, «վատ բաներ կարող են տեղի ունենալ»