63 կողմ, 28 դեմ. Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Խորհրդարանականներն այսօր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրեցին խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին՝ 63 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ռուբինյանի օգտին քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան»-ը դեմ քվեարկեց, «Հայաստան» խմբակցությունն առհասարակ չմասնակցեց։

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը», - հայտարարեց Ռուբինայնը։

Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցը խորհրդարանում քննարկվեց երկու օր։ Այս ընթացքում պատգամավորները թե՛ հարցերով, թե՛ հայտարարություններով անդրադարձան նրա կենսագրությանը, նաև ընտանիքի անդամներին։ Եղան ակնարկներ, որ Ռուբինյանի եղբայրը հնարավոր քաղաքական հովանավորչության արդյունքում է հայտնվել այնպիսի ընկերությունների խորհուրդների կազմերում, որտեղ պետությունը շահաբաժին ունի։

Եզրափակիչ ելույթում արդեն Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին, անդրադարձավ նաև իր եղբոր վերաբերյալ Գրիգորյանի պնդումներին, հայտարարեց, թե իր եղբայրը բանկային համակարգում աշխատել է 2007 թվականից և մինչև օրս էլ այդ ոլորտում է:

«2017 թվականի դրությամբ, երբ որ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրը «Ինեկո» բանկի գործառնական տնօրենն էր ու վարչության անդամ, ստանում էր ավելի բարձր աշխատավարձ, քան Դուք հենց հիմա ստանում եք, տիկին Գրիգորյան», - նշեց նա։

Այսօր ևս շարունակվեցին ընդդիմության և իշխանության միմյանց ուղղված մեղադրանքները՝ քաղաքական հետապնդումների հետ կապված։ Ռուբեն Ռուբինյանը երեկ հիշեցնում էր, թե քաղաքական հետապնդումներ եղել են նախկինում, բերել էր իր հոր օրինակը, որին ԱԱԾ-ից հրավիրել էին, և երեք ամիս նա չէր վերադարձել։ Ռուբինյանը նշել էր, թե ինքը այն ժամանակ 18 տարեկան էր։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր առաջին ելույթը ունեցավ և թեև հարցի քննարկումը վերաբերում էր Ազգային ժողովի նախագահի ընտրությանը, սակայն նրա ելույթը ավելի ընդհանրական էր. տարբեր խնդիրներից խոսեց Կարապետյանը, անգամ առաջարկով հասցրեց հանդես գալ, ըստ էության, պնդելով այն օրակարգը, որ իրենք ունեին դեռևս նախընտրական փուլում:

«Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք հակասաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օր ավել գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են»։

Ընտրվելուց հետո արդեն Ռուբինյանին լրագրողները այս առաջարկի վերաբերյալ հարց ուղղեցին, սակայն Ազգային ժողովի արդեն նորընտիր նախագահը հրաժարվեց մեկնաբանել և որևէ դիրքորոշում հայտնել՝ քանի դեռ չկա նման օրենսդրական նախագիծ և հայտնի չեն դրա մանրամասները։

Ռուբինյանը կրկին պնդեց, որ մտադիր է շարունակել և պահել այն կարգ ու կանոնը, որ ըստ իրեն՝ հաջողվել է երեկվանից հաստատել խորհրդարանում. «Բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը, այսինքն ես միայնակ չեմ կարող, չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության որոշումը»։

Մինչև այս ՔՊ-ականները ընտրությունից հետո պարբերաբար իրենց ելույթներում և հայտարարություններում ընդդիմադիրներին զգուշացնում էին, որ նրանց խորհրդարանում քաղաքականապես ոչնչացնելու են։

Ազգային ժողովի նորընտիր նախագահը մինչ այս զբաղեցրել էր փոխխոսնակի պաշտոնը, զուգահեռ նաև ներկայացրել է Հայաստանը հայ-թուրքական կարգավորման գործընթացում առնվազն չորս տարի: Այս տարիներին ձեռք բերված ամենագլխավոր պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև այն էր, որ պետք է բացվեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Այդ պայմանավորվածությունը մինչ այժմ թղթի վրա է։