Մատվիենկոն հայտնել է. «ՌԴ քաղաքացիների ձերբակալման պատճառով, Մոսկվան իր զբոսաշրջիկներին կարող է խորհուրդ տալ չայցելել Հայաստան»

ԱԺ նախագահը բարձրացրել է հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի շուկա արտահանման անհիմն սահմանափակումների հարցը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր կայացած հեռախոսազրույցում:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը, ասված է ԱԺ լրատվականի հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են, և կարևորել է խնդրի կարգավորումը երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Քննարկվել է նաև Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո, նշված է հաղորդագրությունում:

Մոսկվան նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրության՝ Մատվիենկոն մյուս ռուս պաշտոնյաների նման դժգոհել է Երևանից, պնդել, թե հայկական կողմի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործողությունների հետ:

Ռուսական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել նաև երրորդ երկրների հարցումներով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների՝ «համակարգային ձերբակալությունների» վրա: «Նման պրակտիկայի շարունակման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան», ասել է նա: Թե ինչ համակարգային ձերբակալություններ նկատի ունի ռուս պաշտոնյան, և որոնք են երրորդ երկրները, պարզ չէ:

Վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար: Տնտեսական պատժամիջոցների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է պնդում՝ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի, միայն երբ Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆադեև․ «Հայաստանի դաշնակցային հակումները կասկածելի են»Օվերչուկ․ «Ռուսաստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է երկու երրորդով»Ռուսական հերթական սանկցիաները. «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական հիմնավորում դեռ չկա Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակումՓաշինյանը պնդում է՝ հայկական երկաթուղու կառավարումը հետ վերցնելուն այլընտրանք չկա. Մոսկվայից հակադարձում են«Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». Երևան-Մոսկվա հարաբերությունները ավելի են սրվում«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է». ՓաշինյանԻշխանությունը հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը փակուղային չի համարում, ընդդիմությունում այլ կարծիքի են