«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասին

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Ումբակի բանտ: ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ նույն բանտ են տեղափոխվել նաև մյուս գերիները:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ 19 հայերը գտնվում են հենց Ումբակի համալիրում: Նախկինում ևս եղել են՝ 3 անձ պահվել է այս հաստատությունում 2023 թվականից, 16 անձ տեղափոխվել է՝ փետրվարին դատապարտված հայերն են, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանը՝ մի գործով, և մյուս գործով մենք ունենք 15 ամբաստանյալներ, որից 7-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, իսկ 8-ը՝ Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցած անձինք», - «Ազատությանը» փոխանցեց Սահակյանը:

Տեղափոխությունը, ըստ Սիրանուշ Սահակյանի, պայմանավորված է Ադրբեջանի ներպետական ընթացակարգերով: Փետրվարին հրապարակված դատավճիռներից որոշները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանինն արդարադատության երաշխիքների բացակայության պատճառով չեն բողոքարկվել և համարվում են ուժի մեջ մտած: Այս պայմաններում, Սահակյանի խոսքով, Ադրբեջանի ներպետական համակարգը տարանջատում է պատիժը կրողների և կալանավորվածների պահման վայրերը:

«Թերևս արդեն բոլոր հայ գերիներին ընկալում են որպես օրինական դատավճիռների հիման վրա պատիժ կրողներ, ուստի Ազգային անվտանգության ծառայության ենթակայության քննչական մեկուսարանից նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն, դա Ումբակի բանտային համալիրն է», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման. ընտանիքը հայտարարություն է տարածել

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Բաքվից մոտ 70 կմ հեռու ու մեկուսի վայրում գտնվող Ումբակի բանտ գերիների տեղափոխության մասին Սահակյանը տեղեկացել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքից: Ասաց՝ ինչպես նրանց դատավարությունները, այնպես էլ այս գործընթացում թափանցիկություն չկա: Տեղափոխության մասին ընտանիքի անդամները նախապես ոչ մի տեղեկություն չեն ունեցել: Այժմ էլ անհայտ է, թե 2023-ին շահագործման հանձնված այս բանտում ինչ պայմաններում են պահվում գերիները: Ադրբեջանի իշխանությունների ներկայացմամբ՝ Ումբակին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:

«Ինքնին ֆիզիկական պայմանները դեռևս չեն ենթադրում, որ միջազգային ստանդարտներն ապահովված են, որովհետև այնտեղ կան սննդի, հիգիենայի կազմակերպման, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցեր և ինչո՞ւ ոչ վարվեցողություն, որպեսզի զերծ մնան հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումներից։ Այս տեսանկյունից բոլոր միջազգային զեկույցները հստակ ֆիքսում են, որ խոշտանգումները լայնատարած պրակտիկա են ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում, վատ վերաբերմունքը կրկին մասսայական է, և արդյունավետ մեխանիզմներ չկան դրանք զսպելու կամ պատասխանատուներին պատժելու նպատակով», - նշեց իրավապաշտպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արդյոք Հայաստանի իշխանությունը պատրաստ է կազմակերպել գերիների հարազատների այցելություն Բաքու

Ումբակի բանտի մասին հիշատակում կա անցած շաբաթ Amnesty International-ի հրապարակած տեղեկանքում: Այնտեղ է պահվում ադրբեջանցի քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովը: Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Սամադովին չեն թույլատրում նույնիսկ բանտի բակում զբոսնել, իսկ մեկ մետրանոց պատշգամբում օրվա ընթացքում երկու ժամից ավելի չի կարող անցկացնել:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ տևական բանակցություններից հետո ադրբեջանական բանտերում, այդ թվում՝ Ումբակիում Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն անցած տարի կարճ այցելություն է իրականացրել: Զեկույցը պատրաստ է, բայց Ադրբեջանը չի համաձայնում, որ այն հրապարակվի:

Իրավապաշտպանի կարծիքով՝ նաև այս հանգամանքն է վկայում, թե Ադրբեջանի բանտերում ինչպիսի պայմաններ են տիրում. «Այստեղից մեզ մնում է հետևություններ կատարել, թե ինչ լրջագույն, աղաղակող խնդիրներ են բարձրաձայնվել խոշտանգումների վերաբերյալ, որ պետությունը հրաժարվում է տալ համաձայնություն և ձեռնպահ է մնում այդ տվյալների հրապարակայնացումից: Ցանկը, որտեղ փորձագետները, կոմիտեի անդամները այցելել են, ներառել է թե՛ քննչական մեկուսարանը, որտեղ նախկինում պահվում էին հայեր, և թե՛ Ումբակի նոր համալիրը»։

Անցած սեպտեմբերին Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո Ադրբեջանում պահվող գերիներից տեղեկություն ստանալու միակ տարբերակը հեռախոսազանգն է, որի հնարավորությունը շաբաթական մեկ անգամ մինչև այս տեղափոխությունն ունեցել են 2023-ից հետո գերեվարված հայերը: Թե ռեժիմի փոփոխությունը ինչպես կանդրադառնա այս իրավունքի վրա, Սահակյանն ասաց՝ կկարողանան գնահատել որոշ ժամանակ անց, երբ բավարար տեղեկություն ունենան: