Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։
Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս:
Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նրա նկատմամբ իրականացված դատավարությանը և դատավճռին։
Հայտարարության մեջ ընտանիքը նշում է, որ Ադրբեջանի ռազմական դատարանի որոշումը «սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի»՝ ընդգծելով, որ Վարդանյանի ձերբակալությունից ի վեր գործընթացի արդյունքը կանխորոշված է եղել։ Ընտանիքի պնդմամբ՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը հիմնավորող ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
«Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ», - ասված է հայտարարությունում։
Ընտանիքն ընդգծում է՝ «սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»՝ հավելել, որ շարոնակելու են նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար։
Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:
Ադրբեջանի նախագահը օրերս, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն: «Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - հայտարարել էր Իլհամ Ալիևը: