Խարկովի հիվանդանոցին ռուսական հարվածից 73 մարդ է տուժել, տարհանվել է 226 հիվանդ

Խարկովը ռուսական հարձակումից հետո, 3-ը նոյեմբերի, 2026թ.

Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի Նեմիշլյանսկի շրջանում գտնվող հիվանդանոցին, ինչի հետևանքով վիրավորվել է 73 մարդ, այդ թվում՝ հիվանդներ, բժշկական անձնակազմ և մոտակա շենքերի բնակիչներ:

Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովի փոխանցմամբ՝ 226 հիվանդ է տարհանվել հարձակման հետևանքով:

Նրա խոսքով՝ արձակված արկը հարվածել է բժշկական հաստատություններից մեկի շենքերի միջև ընկած անցուղուն։ Դատախազությունը պարզաբանել է, որ հիվանդանոցի շենքերում կոտրվել են ապակիները, վնասվել է ճակատային մասը և բաժանմունքներից մեկը։ Վնասվել են նաև մեկ այլ բժշկական հաստատություն, լաբորատորիա, 10 բնակելի շենքերի ապակիներ և 13 մեքենա։

Քաղաքի որոշ հատվածներում դադարեցվել է ջեռուցման և տաք ջրի մատակարարումը: Խարկովի մետրոն զգուշացրել է գրաֆիկի հնարավոր փոփոխությունների մասին՝ էլեկտրահաղորդման գծերի անկայունության պատճառով:

Ռուսական բանակը նաև հարվածել է Դնեպրին, ինչի հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որոնցից երեքի վիճակը ծանր է, հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Վնասվել են ենթակառուցվածքները, բնակելի և վարչական շենքեր։ Ռուսական ուժերը նաև հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգի շրջանի ենթակառուցվածքներին։

Վիննիցայի շրջանում էներգետիկ օբյեկտների և էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով բնակավայրերի մեծ մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ժիտոմիրի շրջանում գրեթե 130 բնակավայր (ավելի քան 180,000 բաժանորդ) մնացել է առանց էլեկտրաէներգիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումից հետո։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վիննիցայի մարզում վնասվել է Լադժինսկայի ՋԷԿ-ը, Դնեպրոպետրովսկի մարզում՝ Կրիվոյ Ռոգի ՋԷԿ-ը և Պրիդնեպրովսկի ՋԷԿ-ը, Խարկովի մարզում՝ Խարկովի ՋԷԿ-ը, Զմիևսկայի ենթակայանը և Լոսևոյի ենթակայանը, իսկ Օդեսայի մարզում վնասվել են Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները և երկու բեռնատար նավերը։