Ռուսաստանի Գերագույն դատարանն այսօր սկսեց քննել սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը:
Այն օգոստոսի 7-ին ներկայացրել էր իշխանամետ և ազգայնական «Ռոդինա» կուսակցությունը, որը ևս մասնակցում է ընտրություններին: «Յաբլոկո»-ն ընտրություններին մասնակցող 11 ուժերից միակն է, որը դեմ է արտահայտվում Ուկրաինայում ավելի քան չորս տարի ընթացող պատերազմին:
«Ռոդինա»-ի նախագահ և Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևն ասել է, որ երեք հիմքով են դիմել դատարան: Նախ ընդդիմադիր կուսակցությանը մեղադրում են սոցցանցերում քարոզչական նյութերի տարածման համար վճարները նախընտրական հիմնադրամի միջոցով չանելու համար: Կուսակցությունը մեղադրվում է նաև իր քարոզչական նյութերում հեղինակային իրավունքները խախտելու համար:
Բացի դրանից՝ «Ռոդինա»-ն համարում է, որ «Յաբլոկո»-ի կայքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականության դրսևորումներ կան, իսկ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը փաստացի հրաժարվում է «ռուսական տարածքների ազատագրումից»:
Դատական նիստից առաջ նիստին մասնակցել ցանկացողների երկար հերթ էր գոյացել դատարանի շենքի դիմաց: Այդ ընթացքում կուսակցության աջակիցները խնձորներ էին բաժանում հավաքվածներին:
Արդեն դատական նիստի ժամանակ «Ռոդինա»-ի փաստաբանները ներկայացրել են մեղադրանքների հիմքերը: Ի թիվս այլնի, «Յաբլոկո»-ին մեղադրում են նույնիսկ 1945-ին Հիրոսիմայում տեղի ունեցած ատոմային ռումբի պայթյունի լուսանկարը հրապարակելոով հեղինակի իրավունքները խախտելու համար: Թեև «Ռոդինայի» ներկայացուցիչներն իրենք խոստովանել են՝ չգիտեն, թե ով է հեղինակը: Կուսակցության քարոզչական նյութերում «Թող լինի միշտ արևը» երգի բառերի օգտագործումը ևս համարել են հեղինակային իրավունքի խախտում:
Հայցվորները նաև վերահաստատել են պնդումը, որ կուսակցության՝ խաղաղության կոչերը խախտում են ՌԴ տարածքային ամբողջականությունը և փաստացի համարժեք են ուկրաինական «նեոնացիստական ռեժիմին աջակցությանը»:
Սակայն «Յաբլոկո»-ի փաստաբանները չեն ընդունել այս փաստարկները։ Կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը պնդել է՝ կուսակցության ցուցակի գրանցումը չեղարկելու հիմքեր չկան:
««Յաբլոկո» կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հիմքեր չկան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, և մասնակցելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է միաձայն»,- ասել է Նիկոլայ Ռիբկովը:
Ռիբակովը նաև ասել է, որ վերջին օրերին «Յաբլոկո»-ի դեմ են արտահայտվել Ռուսաստանում արգելված «Ազատ Ռուսաստանի ֆորում»-ը և «Ռուսաստանի կամավորական կորպուս»-ը: Վերջինս, նրա պնդմամբ, նաև ֆինանսավորում է իրենց դեմ իրականացվող այս արշավը:
Այսօր TASS լարտավականը հաղորդեց, որ «Յաբլոկո» կուսակցությունը ԱՄՆ-ից և Գերմանիայից երրորդ կողմերի միջոցով ֆինանսավորում է ստացել։
«Յաբլոկո»-ի նախընտրական ցուցակը ԿԸՀ-ն գրանցել էր հուլիսի 29-ին: Կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է «Հանուն խաղաղության և ազատության, հանուն կյանքի առանց վախի» կարգախոսով, մեծ աջակցություն է վայելում սոցցանցերում:
Ընդդիմադիր ուժին աջակցություն են հայտնել նաև արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» կամ ծայրահեղականներ են ճանաչված։ Իրենց աջակցությունը նրանք բացատրել են նրանով, որ «Յաբլոկո»-ն ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը խաղաղության կողմնակից է։ Կուսակցությունը, մինչդեռ, հայտարարել է՝ որևէ կապ չունեն ռուս վտարանդի գործիչների հետ:
«Յաբլոկո»-ն միակը չէ, որը խոչընդոտների է բախվում ընտրություններին մասնակցելու ճանապարհին: Այս հուլիսին Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի ընտրություններին մասնակցել ցանկացող Բորիս Նադեժդինին տուգանեցին «ծայրահեղական խորհրդանիշներ ցուցադրելու» համար: Նա մի տեսանյութ էր տարածել, որում կարճ երևում էր 2024-ին բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Ավելի ուշ Նադեժդինը «օտարերկրյա գործակալ» ճանաչվեց՝ արտերկրից ֆինանսաֆորում ստանալու, Ուկրաինայում պատերազմին դեմ արտահայտվելու համար՝ փաստացի զրկվելով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Քաղաքական գործիչը, ում թեկնածությունը ԿԸՀ-ն տարբեր պատճառներով չէր գրանցել 2024-ի նախագահական ընտրություններին, արդեն օգոստոսի 3-ին Փարիզից տեսաուղերձ հղեց՝ տեղեկացնելով, որ լքել է Ռուսաստանը: