Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանաբար կմասնակցի 2026թ. խորհրդարանական ընտրություններին:
«Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ», - իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Քոչարյանը՝ արձագանքելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի կոչին:
Թաթոյանը, դիմելով նախկին ղեկավարներին, ասել էր, որ եթե ուզում են՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվի, չպետք է մասնակցեն ԱԺ ընտրություններին:
Քոչարյանը, վերլուծելով Փաշինյանի քաղաքականությունը, շեշտել է, որ նա այսօր «թոկ է ՀՀ վզին», և այդ թոկից պետք է ազատվել: Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ իրենք չեն դիտարկում տարբերակը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերընտրվի:
«ՔՊ-ն պետք է չընտրվի, և ես պլան Բ չունեմ», - ասել է նա:
Իշխանությունները, մինչդեռ, վստահ են՝ վերընտրվելու են: