Ռոբերտ Քոչարյանի վաղեմի գործընկերը` երևանյան երբեմնի խոշորագույն ձեռնարկությունների կառավարիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Եվտուշենկովի հանդիպումը, լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Երևանում երկու խոշոր գործարանների՝ «Մարս»-ի և Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) կառավարումը վերստին ստանձնել է ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը, որը 2023-ից գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։ Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում փոփոխությունն իրականացվել է երեք օր առաջ, իսկ երկու օր առաջ վարչապետ Փաշինյանն էր ընդունել ընկերության սեփականատեր, ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցած «Սիստեմա» ընկերությունների խմբի խոշոր բաժնետերերից է։

Հայաստանյան երկու խոշոր գործարանները ռուսական կողմին էին անցել հենց Քոչարյանի պաշտոնավարման օրոք՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակում։ «Մարս» ընկերությունը, որ հիմնվել էր 1980-ականներին, խորհրդային տարիներին զբաղվում էր ինքնակառավարվող համակարգերի, թվային հեռախոսասարքերի, էլեկտրական սարքավորումների, գծային շարժիչների արտադրությամբ։ 42 հեկտար տարածք ունեցող գործարանը ռուսական կողմին փոխանցվել էր 56 միլիոն դոլարով, և տասնամյակներ շարունակ պարապուրդի էր մատնված։

Իրավիճակը չէր փոխվել նաև 2018-ի հեղափոխությունից հետո։ Երկու տարի առաջ իշխանական պատգամավորներից մեկը խորհրդարանում հարց էր բարձրացրել՝ ժամանակը չէ՞, որ Հայաստանը այդ գործարանը հետ բերելու հարց բարձրացնի Ռուսաստանի առջև։ Վարչապետն արձագանքել էր, թե ռուս գործընկերների հետ քննարկել է հարցը: «Անձամբ քննարկել եմ ՌԴ կառավարության ղեկավարի հետ ու այն շեշտադրումներով, որ ահռելի արտադրական նշանակության տարածքներ են, ու դրա չնչին տոկոսն է, որ որևէ ձևով զբաղված է», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ գործարանը, որ օրերս անցել է ռուսական «Սիտրոնիքս»-ի կառավարմանը, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է՝ ավելի հայտնի որպես «Մերգելյան» ինստիտուտ։ 1956-ին ստեղծված ինստիտուտը զբաղվում էր համակարգչային տեխնոլոգիաների ու համակարգերի նախագծմամբ, խորհրդային տարիներին այն մոտ 7 հազար աշխատակից ուներ, ռուսական կողմին փոխանցվելուց հետո, սակայն, Մերգելյան ինստիտուտի՝ Երևանում գտնվող շենքի տարածքը տրվել է վարձակալության մի շարք տեխնոլոգիական ընկերությունների։

Մերգելյան ինստիտուտի և «Մարս» գործարանի կառավարումը ստանձնած «Սիտրոնիքս» ընկերությունը զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով՝ մշակում ծրագրային ապահովումներ, արտադրում տեղեկատվական տեխնոլոգիական սարքավորումներ։ Ընկերությունը ռուսական խոշորագույն «Սիստեմա» ընկերությունների խմբի մաս է, որը տնտեսական նշանակությունից բացի ունի նաև քաղաքական փոխկապակցվածություն։ Ավելի քան 10 տարի այս խմբի տնօրենների խորհրդի անդամ էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Սիստեմա»-ն անգամ իր ներդրումն էր ունեցել 2018-ին «Մարտի 1»-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցում. ըստ RBC-ի՝ Քոչարյանին 4.1 մլն գրավի մի մասը վճարել էր «Սիստեմա»-ն, բայց ոչ Եվտուշենկովն անձամբ։ Այնուհանդերձ, Եվտուշենկովն ավելի ուշ իր աջակցությունը հայտնել էր Ռոբերտ Քոչարյանին՝ 2019-ին նորից վերջինիս ներառելով «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում: «Մենք համարել ենք, որ նախ չկա մեղադրանք, երկրորդ՝ գործընթացն ակնհայտորեն քաղաքական է: Մենք որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս, որ նա համաձայնություն է տվել այն ժամանակ, երբ ազատության մեջ էր», - ասել էր Եվտուշենկովը։

Անձամբ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ Եվրամիությունն անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել, նրա չեխական հաշիվներն ու հյուրանոցը, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ էին գնահատվում, հայտնվել էին կալանքի տակ։

Նիկոլ Փաշինյանի ու ռուս միլիարդատեր գործարարի երեկվա հանդիպման մասին Կառավարության հաղորդագրությունը բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից, նշվում է, որ «մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն-մասնավոր փոխգործակցության շուրջ»։