Reuters. «Սպիտակ տունը գաղտնի լուծարել է DOGE գործակալությունը»

Reuters գործակալության տեղեկություններով՝ Սպիտակ տունը գաղտնի կերպով լուծարել է դաշնային կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտ՝ DOGE-ը։

Դաշնային ապարատի ծախսերի և հաստիքների կրճատմամբ զբաղվող գերատեսչությունը ստեղծվել էր նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ օրերին։ Մինչև այս տարվա մայիս ամիսն այն ղեկավարում էր միլիարդատեր Իլոն Մասկը, որի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, սակայն, այդպես էլ չերկարաձգվեց։

Reuters-ի տեղեկություններով՝ DOGE-ը լուծարվել է օրենքով սահմանված լիազորությունների ավարտից ութ ամիս առաջ։

Այս որոշման պատճառների մասին Սպիտակ տունը որևէ մեկնաբանությամբ առայժմ հանդես չի եկել։ Միացյալ Նահանգների Կադրային ծառայության վարչության պետ Սքոթ Կուպորը միայն նշել է, որ DOGE-ը որպես առանձին գերատեսչություն այլևս գոյություն չունի։