Հնդկաստանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական հեղուկացված բնական գազը՝ նույնիսկ չնայած Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած էներգառեսուրսների անբավարարությանը, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Հաղորդվում է, մասնավորապես, որ ռուսական հեղուկ գազով բեռնված Kunpeng լցանավը դեռ ապրիլին է ուղևորվել Հնդկաստան, սակայն այդպես էլ հնդկական նավահանգիստ մուտք չի գործել և այժմ Սինգապուրի շրջանում է: Ինչ է լինելու բեռի հետ, պարզ չէ:
Reuters-ի վկայությամբ՝ գազը լցանավ է բեռնվել Բալթիկ ծովի «Գազպրոմ ՍՊԳ Պորտովայա» տերմինալում, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է: Ապրիլի 30-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարարի տեղակալի Դելի այցի ժամանակ Հնդկաստանի ներկայացուցիչները հաղորդել են պատժամիջոցների տակ գտնվող հեղուկ գազ չգնելու որոշման մասին:
Հնդկաստանը պատրաստ է, ինչպես նախկինում, ձեռք բերել պատժամիջոցների տակ չգտնվող ռուսական գազ, սակայն դրա մեծ մասն արդեն առաքվում է Եվրոպա և Չինաստան: