Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ մայիսի 19-ից 21-ը անցկացվում են զորավարժություններ՝ «ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի նախապատրաստման և կիրառման» առնչությամբ։
Նախապես այդ զորավարժությունների մասին պաշտոնապես չէր հաղորդվել, սակայն մեկ օր առաջ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իր տարածքում «միջուկային ուժերի կիրառման վարժանքի» մեկնարկի մասին՝ նշելով, որ այն անցկացվում է Ռուսաստանի զինված ուժերի հետ համագործակցությամբ։
Ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին մասնակցում են «ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը»։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է, այդ թվում, «բալիստիկ և թևավոր հրթիռների արձակում Ռուսաստանի տարածքում գտնվող փորձարկման վայրերի ուղղությամբ»։ Նշվում է նաև, որ զորավարժությունների նպատակներից է՝ «պոտենցիալ հակառակորդի զսպման միջոցառումների իրականացումը» և «ագրեսիայի կանխման խնդիրների լուծումը»։
Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 64 հազար զինծառայող։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մշակվելու են «Բելառուսի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային զենքի համատեղ կիրառման հարցերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միջուկային ուժերի զորավարժություններ Ռուսաստանում Լուկաշենկո․ «Ուկրաինան չպետք է ֆիքսվի տարածքների վրա»Լուկաշենկոն հայտնել է «Օրեշնիկը» դեկտեմբերից մարտական պատրաստության բերելու մասին