ՌԴ-ում պետական դավաճանության դեպքերով վճիռների կտրուկ աճ են արձանագրել

Արխիվ

2026-ի առաջին կեսին Ռուսաստանի դատարանները պետական դավաճանության, լրտեսության և դրան առնչվող հանցագործությունների մեղադրանքով 284 մարդու են դատապարտել՝ ավելի շատ, քան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը նախորդած 25 տարվա ընթացքում։ Այս տվյալները ներկայացնում են իրավապաշտպան «Պերվի օտդել» նախագիծն ու Parubets Analytics խումը դատական պրակտիկայի մասին իրենց նոր ուսումնասիրությունում:

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, հետազոտողների հաշվարկներով՝ 1997-2021 թվականներին Ռուսաստանում այս հոդվածներով դատապարտվել է 170 մարդ։ Միայն 2026-ի երկրորդ եռամսյակում դատարանները դատապարտել են 162 մեղադրյալի, ինչը 46%-ով ավելի է, քան տարվա առաջին երեք ամիսներին։ Մայիսին դատապարտվել է 57 մարդ, ինչը ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբից ի վեր ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Ուսումնասիրությունը ներառում է դավաճանության, լրտեսության, օտարերկրացիների հետ գաղտնի համագործակցության և թշնամուն օգնելու դեպքեր: Հեղինակները նշում են, որ այս կատեգորիայի գործերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը Ռուսաստանում չի հրապարակվում, և դատավարությունների մասին շատ տեղեկություններ գաղտնի են, ուստի դատապարտվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:

Նման դեպքերի համար տարվա առաջին կեսին ազատազրկման միջին ժամկետը կազմել է 15 տարի ութ ամիս: Երկու մեղադրյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման: Երկրորդ եռամսյակում դատավճիռների գրեթե կեսը կայացվել է ռազմական դատարանների կողմից:

Ընդհանուր դատապարտվածների գրեթե մեկ քառորդի՝ 69 անձի ինքնությունը մնում է անհայտ: Հետազոտողները սա բացատրում են դատական տվյալների գրաքննության աճով։ Ամենամեծ տարիքային խումբը 20-ից 29 տարեկանն է։ Ամենաերիտասարդը դատապարտվածները 19 տարեկան են, ամենաավագը՝ 81։

Ընդորում, մեղադրանքներն ավելի ծանր են դառնում: Ուսումնասիրության համաձայն՝ երկրորդ եռամսյակում դատապարտվածների գրեթե 42%-ին պետական դավաճանության կամ լրտեսության մեղադրանքների հետ մեկտեղ «ահաբեկչության» հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել։ Տարվա առաջին վեց ամիսներին Ռուսաստանի դատարաններում հարուցվել է պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ առնվազն 351 նոր գործ։

Հետազոտողները պարզել են տարվա առաջին կեսին Ռուսաստանում դատապարտված առնվազն 74 ուկրաինացու անունները: Նրանցից կեսից ավելին կալանավորվել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում: Դատապարտվածներից առնվազն 27-ը նախկինում անհետ կորած էին համարվում իրենց հայրենիքում:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր, ռուսական դատարանները առնվազն 1372 մեղադրական դատավճիռ են կայացրել պետական դավաճանության, լրտեսության և դրան առնչվող հանցագործությունների մեղադրանքներով: Արդարացման դատավճիռների հետազոտողները չեն հանդիպել:

Եթե ներկայիս տեմպը շարունակվի, «Պերվի օտդելը» և Parubets Analytics-ը կանխատեսում են, որ մինչև 2026-ի վերջը այս հոդվածներով դատապարտված անձանց թիվը կարող է 580-ից հասնել 620-ի։

«Պերվի օտդելի» իրավաբան Եվգենի Սմիրնովը կարծում է, որ պետական դավաճանության հոդվածը «դադարել է լինել բացառիկ գործիք՝ նախատեսված բացառիկ դեպքերի համար» և հետախուզության աշխատակիցների համար կարիերայի առաջխաղացման հարմար գործիքի է վերածվել: