Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգավորում են արտահանձնման մերժումը այն անձանց դեպքում, ովքեր Ռուսաստանում ստացել են փախստականի կարգավիճակ, ժամանակավոր կամ քաղաքական ապաստան։
Ներկայումս, ըստ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, արտահանձնումը մերժվում է, եթե տվյալ անձին Ռուսաստանում ապաստան է տրամադրվել բացառապես այն պատճառով, որ նրա նկատմամբ կարող է հետապնդում իրականացվել տվյալ երկրում՝ ռասայի, կրոնի, քաղաքացիության, ազգային պատկանելության, սոցիալական խմբին պատկանելու կամ քաղաքական հայացքների հիմքով։
ՆԳՆ-ն առաջարկում է փոփոխել այս դրույթը՝ այն տարածելով Ռուսաստանի տարածքում ապաստանի բոլոր տեսակները ստացած անձանց վրա։