Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել բանակի անձնակազմի թիվը 15,500-ով ավելացնելու մասին՝ այն հասցնելով 2,441,630-ի, որից 1,550,500-ը զինծառայողներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:
Սա բանակի թվաքանակի չորրորդ ավելացումն է վերջին յոթ ամիսների ընթացքում: Նախորդ ավելացումները տեղի են ունեցել մարտ, հունիս և հուլիս ամիսներին՝ ընդհանուր առմամբ բանակի թիվն ավելացնելով 52,500-ով:
Նախորդ հրամանագրով նախատեսվում էր, որ օգոստոսի 1-ի դրությամբ Ռուսաստանի զինված ուժերի թիվը կհասնի 2,43 միլիոն մարդու, այդ թվում՝ 1,54 միլիոն զինծառայող:
2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր սա յոթերորդ դեպքն է, որ նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրում բանակի անձնակազմի ընդլայնման մասին: Պատերազմից առաջ Ռուսաստանի զինված ուժերը կազմում էր 1.90 միլիոն մարդ, այդ թվում՝ 1.01 միլիոն զինծառայող: Այդ ժամանակվանից ի վեր զորքերի թիվն աճել է ավելի քան 50%-ով:
Saratoga Foundation հիմնադրամի ավագ գիտաշխատող Պավել Լուզինը The Insider-ին տված հարցազրույցում անձնակազմի ավելացումը անվանել է «թղթի վրա» արվող քայլ և նշել, որ դա չի նշանակում, որ բանակն իրականում ավելացել է 15,500 զինծառայողով։
«Կադրային միավորները, առաջին հերթին, նշանակում են ֆինանսավորում, այլ ոչ թե իրական անձնակազմի առկայություն։ Զինվորականները մեկ որոշում են վերակենդանացնել շինարարական գումարտակները, մեկ ստեղծում են այլ կառույցներ, և դրա համար ավելացվում են հազարավոր կադրային նոր միավորներ»,- ասել է նա։
Լուզինի խոսքով՝ նոր հրամանագիրը «երկարաժամկետ փողի և պաշտոնների մասին է, այլ ոչ թե իրական մարդկանց»։ Մասնագետը ենթադրում է, որ զինվորականները «ձգտում են երաշխավորել իրենց երկարաժամկետ ֆինանսավորման աճը՝ անկախ պատերազմից»։
Ռուսաստանի նախագահը երեկ մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է հասանելիությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտի տեղեկատվությանը: Ըստ հրամանագրի՝ նավթավերամշակման գործարաններում վառելիքի վերամշակման և արտադրության ծավալների, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա գաղտնի: