ՌԴ-ն հույս ունի, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կանցկացվի Երևանում կամ Բաքվում

Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում կամ Երևանում։ Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես հասկանում ենք, այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա։

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը դեռ անցյալ տարի լրատվամիջոցներին ասել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։

«Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- ԶԼՄ-ներին հայտնել էին ԱԳՆ-ից։

Մինչ օրս, սակայն, Երևանում կամ Բաքվում հարթակի հանդիպումը անցկացնելու մասին ստույգ տեղեկություն չկա։

«Կցանկանայի հատկապես ողջունել մեր քննարկմանը Վրաստանի փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը։ Մեզ համար, ինչպես հարթակի բոլոր մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի «3+3»-ի հեռանկարները դժվար թե լիարժեք լինեն։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում պաշտոնական Թբիլիսին ևս կմիանա մեր աշխատանքին»,- հավելել է Գալուզինը։

Պաշտոնական Թբիլիսին պարբերաբար հայտարարում է, որ Վրաստանը չի մասնակցի այս ձևաչափով հանդիպումներին։ Մոսկվայից, սակայն, շարունակում են հայտարարել, թե «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են Վրաստանի համար։