ՌԴ-ն հայտնել է՝ ձերբակալել է գերմանացի կնոջ, որի պայուսակում ռումբ կար

Արխիվ

Ռուսաստանը ձերբակալել է գերմանացի մի կնոջ, որի ուսապարկում հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ։ Մոսկվան պնդում է, որ սա Ուկրաինայի կողմից ծրագրված դավադրություն էր՝ երկրի հարավում գտնվող անվտանգության ծառայության մի օբյեկտ պայթեցնելու համար։

Պատերազմի չորս տարիների ընթացքում Ռուսաստանը տասնյակ մարդկանց է ձերբակալել՝ հիմնականում սեփական քաղաքացիներին, մեղադրելով Ուկրաինայի հետ համագործակցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ։
Մոսկվայի կողմից Ուկրաինա զորք մտցնելուց հետո հաճախ են արձանագրվել նաև արևմտյան երկրների քաղաքացիների աղմկահարույց ձերբակալություններ՝ սովորաբար լրտեսության մեղադրանքով։ Նրանցից շատերը հետագայում փոխանակվել են արտասահմանում կալանավորված ռուսների հետ։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ 1969 թվականին ծնված կնոջն այս ենթադրյալ դավադրության մեջ ներգրավվել է Կենտրոնական Ասիայի երկներից մեկի քաղաքացին, որ գործել է, Մոսկվայի պնդմամբ, Ուկրաինայի հանձնարարությամբ։ Նա ևս ձերբակալված է։
Երկուսին էլ սպառնում է ցմահ ազատազրկում՝ ահաբեկչության մեղադրանքով։

Ո՛չ Կիևը, ո՛չ Բերլինն այս մեղադրանքներին դեռ չեն արձագանքել։