ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ միջնորդությամբ մոտ 4 ժամ բանակցել են, կշարունակեն վաղը

ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ (աջից 3-րդը), ԱՄԷ արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահյանը (ձախ) և Ջարեդ Քուշները (ձախից 3-րդը, մասնակցում են եռակողմ բանակցություններին, 10-ը նոյեմբերի, 2026 թ. Աբու Դաբի

Ավելի քան ինը ամսվա դադարից հետո Աբու Դաբիում վերսկսվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները` վերջ դնելու 5-րդ տարին ընթացող պատերազմին: Դռնփակ բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ և կշարունակվեն վաղը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դրանք անցկացվել են ռուսերեն:

Հիմնական թեմաներից են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունը պատերազմի ավարտից հետո, նաև տարածքային զիջումների հարցերը:

Ովքեր են մեկնել բանակցելու

Բանակցություններին ԱՄՆ-ից մասնակցում են նախագահ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքովն ու Ջարեդ Քուշները և ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին մասնակցում են ԱՄԷ-ում եռակողմ բանակցություններին, 10-ը նոյեմբերի, 2026 թ. Աբու Դաբի

Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է երկրի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը: Պատվիրակության կազմում են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարն ու տեղակալը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը:

Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Սակայն այս անգամ նա Աբու Դաբի է մեկնել ավելի մեծ թիմով, որի կազմում են փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը եռակողմն բանակցություններին, 10-ը նոյեմբերի, 2026 թ. Աբու Դաբի

Կողմերը լավատես են

Բանակցությունների սկզբում Քուշներն ասել է, որ այս ընթացքում կարողացել են որոշել հարցերի շրջանակը, որոնց շուրջ կողմերը չեն համաձայնում:

«Կարծում եմ՝ մի քանի լավ գաղափարներ ունենք, թե ինչպես հաղթահարել այդ խնդիրները։ Եվ հուսով եմ՝ այսօր կարող ենք բաց, անկեղծ և իմաստալից երկխոսություն ունենալ այսօր և վաղը՝ հետագա առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Քուշները։

Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին էլ հույս է հայտնել, որ կկարողանան առաջընթաց գրանցել։

«Քանի որ մեր պատվիրակությունն այժմ ավելի մեծ է և նույնիսկ ավելի պրոֆեսիոնալ, հույս ունենք, որ այսօրվա հանդիպումը կօգնի մեզ առաջ շարժվել խաղաղության ճանապարհով»,- ասել է Մեդինսկին։

ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները (ձախից), ԱՄԷ արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահյանը:

Ուկրաինական պատվիրակության ղեկավարն իր հերթին ասել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել այս հանդիպմանը պատրաստվելիս և հույս է հայտնել, որ կկարողանան հասնել երկարատև խաղաղության։

«Ուկրաինայի համար դա անվտանգության երաշխիքներն են։ Մենք նաև կկենտրոնանանք այս հանդիպման նպատակների վրա, այն է՝ վերջնարդյունքում հասնել երկարատև խաղաղության»,- ասել է Ումերովը:

Նախքան եռակողմ հանդիպումը, ուկրաինական պատվիրակությունը հանդիպել էր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Քուշներն ասել է, որ դրական ազդակներ են ստանում կողմերից, որ ցանկանում են դադարեցնել պատերազմը: Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների ակնկալվող արդյունքներից մեկն այն է, որ Ռուսաստանը համաձայնի բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը: «Դա, մեր կարծիքով, շատ կարևոր կլինի առաջընթացի համար»,- ասել է Քուշները:

Մեծ հույսեր փայփայել պետք չէ

«Ազատության» հոդվածագիր Սթիվ Գութերմանը, սակայն, նշում է, որ այս բանակցություններից շատ բան պետք չէ ակնկալել մի քանի պատճառով: Նախ՝ Պուտինը ոչ մի նշան ցույց չի տվել, որ պատրաստ է զիջումների, բանակցություններն էլ օգտագործում է խաղաղության հույսերը կենդանի պահելու համար:

Ուկրանական և ամերիկյան պատվիրակությունը հանդիպում է Եվրոպայի ներկայացուցիչների հետ՝ եռակողմն բանակցություններից առաջ, 10-ը նոյեմբերի, 2026 թ. Աբու Դաբի

Ռուսաստանը պահանջում է ողջ Դոնբասը, այդ թվում՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, ինչին դեմ է Կիևը: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը ձգտում է խաղաղության համապարփակ համաձայնագիր կնքել, որը կներառի նաև Եվրոպայի անվտանգությունը, սակայն դա Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել, որ Ռուսաստանը կարող է ազդել իրենց անվտանգության վերաբերյալ որոշումների վրա:

Նաև ձմռանն ընդառաջ խաղաղության հեռանկարը մշուշոտ է, քանզի Ռուսաստանը, թերևս, կակտիվացնի հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ տարածքային զիջումներ պարտադրելու համար:

Եվ վերջապես, ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին, ըստ հոդվածագրի, Ուկրաինայի հարցում Պուտինի պահանջների կողմնակիցն է և նախկինում քիչ ճկունություն է ցուցաբերել բանակցություններում: Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ Մոսկվան, թերևս, իմաստալից զիջումների չի գնա։