907-րդ լրացման պահպանումը «հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին». Հաջիև

«Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին»,-Washington Times թերթի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի կառավարությունները դժվարին պայքար են մղում խաղաղությունն ամրապնդելու համար։ Դրա հետ մեկտեղ, սակայն, ամերիկյան Կոնգրեսում ոմանք բացարձակապես ավելորդ և բաժանարար գծեր ստեղծող օրենսդրական ակտեր են ներկայացնում»,- նշել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը վերաբերում է «Անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին» օրենքի նախագծին, որը մի շարք դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներ շրջանառության մեջ էին դրել դեկտեմբերի 19-ին։ Այս նախագծով նախատեսվում է արգելափակել ամերիկյան ուղղակի օժանդակության տրամադրումն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Բաքուն դուրս չի բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և չի ճանաչել արցախահայության՝ հայրենիք վերադարձի իրավունքը։

Այս նախագծի հրապարակմանը նախորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր թիմակիցներից մեկի՝ Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Աննա Պաուլինա Լունայի նախաձեռնությունը։ Հանրապետական օրենսդիրը դեկտեմբերի 11-ին հրապարակված նախագծով առաջարկել էր վերջնականապես չեղարկել 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախցիների վերադարձը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը քննարկում է Աբրահամի համաձայնագրերին Բաքվի միանալու հարցը. Ըստ «Ռոյթերզի»՝ նախապայմանը հայ-ադրբեջանական կարգավորումն է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենի վարչակազմը կշրջանցի 907-րդ լրացման կատարումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ռազմական օժանդակության տրամադրումը