ՌԴ երկնքում «այլևս անվտանգ վայրեր չկան». Զելենսկին կոչ է արել հաշվի առնել սա

Ռուսաստանի երկինքը «լիովին վտանգավոր» է դառնում անօդաչու թռչող սարքերի կանոնավոր հարվածների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սոցցանցում հրապարակված տեսանյութում նա ավիաընկերություններին կոչ է արել հաշվի առնել այս հանգամանքը: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան սպառնալիք չէ քաղաքացիական ավիացիայի համար, բայց անօդաչու թռչող սարքերը կլինեն Ռուսաստանի երկնքում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ չվերթներին։ Նա պնդել է, որ Ռուսաստանի իշխանությունները թաքցնում են ուղևորների համար սպառնալիքի իրական մասշտաբները։

«Մենք՝ Ուկրաինայում, չենք ցանկանում, որ անմեղ կյանքեր կորսվեն: Հետևաբար, մենք զգուշացնում ենք մեր գործընկերներին. Ռուսաստանի երկնքում այլևս անվտանգ վայրեր չկան», - հայտարարել է նա:

Զելենսկին Կիևում և Մոսկվայում աշխատող օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել այս տեղեկությունը փոխանցել իրենց կառավարություններին և փոխադրող ընկերություններին:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և համապատասխան գերատեսչությունները Ռուսաստանի երկնքում սպառնալիքների վերաբերյալ մանրամասն զեկույց կուղարկեն միջազգային կազմակերպություններին՝ հնարավոր աղետները կանխելու համար, ասել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զելենսկիի հայտարարությունը «ահաբեկչության հայտ» է անվանել։ «Մենք կգտնենք պատասխանելու միջոց», - Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:

Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանն ի պատասխան՝ Ուկրաինան պարբերաբար անօդաչուներով հարձակումներ է գործում Ռուսաստանի ենթակառուցվածքների, այդ թվում՝ սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների վրա։

2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայի երկինքը փակ է մնում թռիչքների համար՝ Ռուսաստանի կողմից շարունակվող հրթիռային և անօդաչուների հարձակումների պատճառով։