Ռազմավարական դաշինքից՝ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, արխիվ

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքից մինչև Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում. հինգ տարում այսպես է փոխվել Երևանի դիրքորոշումը Մոսկվայի հանդեպ:

Եթե Նիկոլ Փաշինյանի՝ 2021-26 թվականների Կառավարության ծրագրում Ռուսաստանը գլխավորում էր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժինը, այդ երկրի հետ էր կապվում Հայաստանի անվտանգության ապահովումը, ապա Փաշինյանի ձևավորած այս Կառավարության՝ 2026-31 թվականների ծրագրում Ռուսաստանը հիշատակվում է ի թիվս այլ երկրների՝ միայն ութերորդ հորիզոնականում, հետ մնալով տարածաշրջանի հարևաններից, Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից:

Այս անգամ միայն նշվում է, որ շարունակվելու է Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Այլևս չկան հիշատակումներ փոխօգնության երկկողմ պայմանագրերի, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի և ռուս սահմանապահների մասին:

«Սկսած այն պահից, որ մենք հասկացանք, որ կարող է, շատ հնարավոր է՝ մեկի հետ համագործակցությունից տուժենք, և մեր ժողովուրդն է տեսել էդ ամեն ինչը, միայն մեկից կախվածությունից տուժենք, ընդհանրապես մենակ մնանք, որովհետև էդ մեկի պետական ազգային շահերը չհամապատասխանեն այս պահին Հայաստանի Հանրապետության շահերի հետ, մենք հասկացանք, որ պետք է ունենանք այլընտրանքներ: Ես չեմ կարծում, որ դա մեսիջ է, որովհետև մենք շատ բաց, թափանցիկ ենք խոսում», - ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Նոր Կառավարության հնգամյա ծրագրում որևէ կերպ չի նշվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ռազմական դաշինքը, որին անդամակցությունը Հայաստանը վերջին տարիներին սառեցրել է: Բայց մինչև օրս հստակ չէ՝ ի վերջո Երևանը մտադի՞ր է հեռանալ կազմակերպությունից:

«Իսկ իմաստը ո՞րն է դուրս գալու: Կգա ժամանակը՝ եթե այդպիսի որոշման կարիք լինի, այդպիսի որոշում կկայացնենք», - նշեց Մինասյանը:

2021-ին Փաշինյանի Կառավարությունը խոստանում էր ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Երևանը հիմա դժգոհում է, որ 2021-22 թվականներին ռազմական դաշինքը չպաշտպանեց Հայաստանը Ադրբեջանի ներխուժումներից:

«Ասեք, որ տեղի է ունեցել հարձակում սուվերեն տարածքի վրա, մենք ուզում ենք, որ մեր անվտանգային միջավայրը, որի, այսպես ասած, երաշխավորն էր նաև ՀԱՊԿ անդամ պետություններով կառուցված անվտանգային կառույցը, արձագանք ունենա իր անդամ պետության վրա հարձակման հետ կապված: Մենք չենք լսում դրա պատասխանը», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

«Դիվանագիտությունը սև ու սպիտակ չի, զեբր չի, էլի՝ էս մի գիծը սև է, էս մի գիծը սպիտակ է: Դու պետք է կարողանայիր քո քաղաքականությունը էնպես կառուցեիր, որ դու էդ մարդկանց հետո ոչ թե թշնամանայիր՝ ՀԱՊԿ-ի մասին է խոսքը, այլ օգտագործեիր իրենց ռեսուրսները», - իր հերթին, պնդեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Փոխարենը, նոր Կառավարությունը Եվրասիական միությունում է խոստանում «ծավալել արդյունավետ համագործակցություն»: Բայց այստեղ էլ Հայաստանի հետ հարաբերությունները հարթ չեն՝ հայկական գյուղմթերքի գերակշիռ մասը սահմանափակումների տակ է, տնտեսական դաշինքն էլ Երևանի առջև պայման է դրել՝ մոտ ապագայում անցկացնել արտաքին կողմնորոշման հանրաքվե: Հնգամյա ծրագիրը նշանակո՞ւմ է, որ Հայաստանն առաջիկայում Եվրամիությանն անդամակցելու դիմում չի ներկայացնելու՝ շարունակելով մնալ ռուսական տնտեսական դաշինքում:

«Կառավարության ծրագիրը սեպագիր արձանագրություն չի, և հնարավոր է շատ բաներ ճկուն արտաքին քաղաքականության ժամանակ փոփոխվեն: Դրա համար, ես հստակ ասում եմ՝ մեր նպատակն է էդ ամենը խորացնել, և մենք գնալու ենք էդ ուղղությամբ, բայց նաև զուգահեռաբար իրականացնելու ենք մյուս աշխատանքները, որը ներառված է նաև ԵՄ համագործակցության բլոկում Կառավարության ծրագրի», - հայտարարեց Մինասյանը;

«Տանգո պարելու համար երկու հոգի են պետք: Կառավարությունն ասում է՝ ես ԵԱՏՄ-ն չեմ ուզում լքեմ, իսկ ԵԱՏՄ-ն ի՞նչ կարծիքի է: Հիմա ասում է՝ «մենք մեր ինքնիշխանությունը ելակով չենք փոխում», լավ ես անում, բայց էն մարդը, ով որ ելակ է աճեցրել և իր կյանքը, իր գոյությունը ելակի վաճառքից է կախված, այդ մարդուն դու ի՞նչ օգնության փաթեթ ես առաջարկում», - հակադարձում է Խաչատրյանը:

Եվրամիության վերաբերյալ Կառավարությունը վկայակոչում է դաշինքին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ խոստանալով դրա հիմքով բարեփոխումներ իրականացնել: Անդամակցության ժամկետներ, սակայն, չեն նշվում:

«Ռուսաստանը դարձել է ընդամենը առևտրային գործընկերներ: Բա էդ դեպքում, եթե սա քո քաղաքականությունն է՝ ոչ թե էսօր որդեգրած, այլ տարուց ավել իրականացվող քաղաքականությունն է, էլ ինչ ես զարմանում, որ ռուսները քո դեմ հակաքայլի են դիմում», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Կառավարության ծրագրում տեղ գտած ձևակերպումներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ է խոստանում կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքումԻ՞նչ արտաքին քաղաքականություն է խոստանում նոր կառավարությունը